Գերմանիան կշարունակի աջակցել Հայաստանին եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին. Շտայնմայեր

Գերմանիան ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև նոր, համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտը և հետայսու ևս գործընկերաբար կաջակցի Հայաստանին եվրատլանտյան հանրությանն ինտեգրվելու ճանապարհին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում:

«Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության հռչակման տարեդարձը: Այս առանձնահատուկ օրվա առիթով Ձեզ և Ձեր համաքաղաքացիներին իմ և իմ համերկրացիների անունից հղում եմ իմ սրտագին բարեմաղթանքները:

Այս տարին առանձնահատուկ է հայ-գերմանական հարաբերությունների համար. 25 տարի առաջ մեր երկու երկրները հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ: Այդ ժամանակից ի վեր ստեղծվել է սերտ և փոխվստահելի համագործակցություն, որը մենք կարող ենք ավելի խորացնել: Գերմանիան ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև նոր, համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտը և հետայսու ևս գործընկերաբար կաջակցի Հայաստանին եվրատլանտյան հանրությանն ինտեգրվելու ճանապարհին:

Մաղթում եմ Ձեզ անձամբ՝ քաջառողջություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ խաղաղ, ազատ և բարեկեցիկ լավ ապագա»,– ասված է ուղերձում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում