ՀՀ Նախագահն «Արմենպրես»-ի ֆոտոլրատվության պատասխանատու խմբագիր Ֆելիքս Առուստամյանին շնորհել է վաստակավոր լրագրողի կոչում

«Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոլրատվության խմբագրության պատասխանատու խմբագիր Ֆելիքս Առուստամյանն արժանացել է վաստակավոր լրագրողի պատվավոր կոչման: Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում Ֆելիքս Առուստամյանին պարգևը հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ֆելիքս Առուստամյանը պատմեց, որ երկու օր առաջ է իմացել, որ իրեն ներկայացրել են պետական մրցանակի, ինչը իր համար անսպասելի է եղել: «Երկար տարիներ աշխատել եմ, բայց երբեք նման բարձր պարգևի չէի արժանացել: Մրցանակներ ստացել եմ, օրինակ` Ազգային ժողովի նախագահից անվանական ժամացույց եմ ստացել, կառավարության շնորհակալագրեր, սակայն այսպիսի պարգևի ես չէի սպասում: Շատ ուրախ եմ, որ արժանացել եմ նման պարգևի: Շատ անսպասելի էր, զգացողություններս էլ անհասկանալի են, բառերով չեմ կարող բացատրել: Անչափ ուրախ եմ»,- նշեց Առուստամյանը:

Նա ընդգծեց, որ 27 տարի է, ինչ աշխատում է «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Մինչ այդ նա 15 տարի աշխատել է խորհրդային շրջանի «Ֆիզկուլտուրնիկ» թերթում: ««Արմենպրես»-ում իմ աշխատանքը սկսել եմ Հայաստանի անկախության տարվանից` 1991 թվականից: Մինչև այսօր էլ շարունակում եմ աշխատել «Արմենպրես»-ում: 10 տարի որպես լուսանկարիչ եմ աշխատել, 17 տարի ֆոտոխրոնիկայի պատասխանատու խմբագիր»,- պատմեց Ֆելիքս առուստամյանը:

Պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ Ֆելիքս Առուստամյանը զբաղվում է արդեն 42 տարի: Նա նշում է, որ անկախության տարիներին միլիոնավոր կադրեր է արել` տարբեր պաշտոնական այցեր, արտասահմանյան այցեր, հանրաքվե, ընտրություններ: «Ամեն ինչ նկարել ենք, և այդ ամենը պահպանվում է «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվում»,-ընդգծում է Առուստամյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում