ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցչական պատվիրակությունը եղավ Գյումրիում

Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների խումբն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը սեպտեմբերի 21-ին Գյումրիում էին: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանի ուղեկցությամբ նրանք այցելեցին Գյումրու «Երեխաների տուն», ծանոթացան խնամքի կենտրոնի գործունեությանը, պայմաններին, հետաքրքրվեցին երեխաների առողջական վիճակով, նրանց ընտանիք վերադարձնելու խնդիրներով:

Այնուհետև կոնգրեսականները եղան «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում: Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ վարչության ատենապետ Մարիա Միհրանյանը նշեց, որ կոնգրեսականներին Գյումրի ուղեկցելու գլխավոր նպատակը այստեղ իրականացված աշխատանքներին ծանոթացնելն է: ««Հայաստան» համահայկական հիմնադրամն է օժանդակել, որ կոնգրեսականները եկել են Հայաստան: Նախ նրա համար, որ տեսնեն՝ ինչ է կատարվում Հայաստանում, մենք ուզում ենք, որ իրենք շատ բան տեսնեն, տեղեկանան, պատկերացում կազմեն, տրամադրվածություններն առավել դրական լինի, ինչի արդյունքում նոր օժանդակություններ կուղղվեն դեպի Հայաստան: Սա նաև հնարավորություն է տեղյակ պահելու, որ Հայաստանում կան նախագծեր, որոնք իրականացվում են սփյուռքի աջակցությամբ: Տեսնելով այն, ինչը իրականացվել է սփյուռքի ֆոնդերի միջոցով, ավելի շատ նաև վստահություն կներշնչենք: Գյումրի այցն իրենց ընտրությամբ էր, նրանք հիմնականում ցանկացան լինել հանրապետության այլ տարածքներում ՝ բացի Երևանից: Անչափ կարևոր է, որ նրանք տեսնեն ու բացատրեն կոնգրեսի մյուս անդամներին և հանրությանը այն ամենը ինչ իրականում կա Հայաստանում»,- նշեց Մարիա Միհրանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում