ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալ Էլիզաբեթ Միլարդին, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին և պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը հանգամանալից քննարկվել են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների խրախուսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ-ամերիկյան միջակառավարական հանձնաժողովի, Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի աշխատանքները։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ։

Ամերիկյան կողմը բարձր է գնահատել խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները վերահաստատել են ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում