Հայաստանն ու Վրաստանն ընդլայնում են մշակութային կապերը. նախատեսվում են համատեղ հնագիտական պեղումներ

Հայաստանն ու Վրաստանը նախատեսում են միջմշակութային այցելություններ, մշակութային համատեղ ծրագրեր և հնագիտական պեղումներ Հայաստանում և Վրաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարները խոսեցին իրենց հանդիպման ընթացքում քննարկված հարցերից:

«Նախատեսում ենք հայ-վրացական մի քանի փառատոններ, միջմշակութային այցելություններ, մշակութային ծրագրեր: Մասնավորապես, Հաղպատում աշուղական փառատոնի հիմնադրման սկիզբն ենք արդեն ուզում ազդարարել: Կինոյի ոլորտում վրացիների փորձառությունը մի փոքր ավելի շատ է, և ունենք փորձի փոխանակման պայմանավորվածություն: Ուզում ենք ստեղծել նաև վրացական և հայկական երգչախմբերի համատեղ ծրագրեր»,-ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նախարարի խոսքով՝ այս տարիների ընթացքում երկու պետություններն էլ զբաղված էին պետականաշինությամբ և «մոռացել էին» հարևան երկրներին: Հիմա ստեղծվել է առիթ՝ գործընկեր պետության հետ գտնել համագործակցության նոր եզրեր տարբեր ոլորտներում, ժողովուրդներին տալ միմյանց ճանաչելու հնարավորություն:

Արմեն Ամիրյանն առաջարկել է նաև համատեղ հնագիտական պեղումներ: Նրա խոսքով՝ Հայաստանում և Վրաստանում պեղումները կօգնեն բացահայտել մեր ընդհանուր պատմությունը:

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի խոսքով՝ երիտասարդ հնագետները ևս կներգրավվեն այդ պեղումներում, փորձ ձեռք կբերեն:

«Մեր հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակը լայն է եղել: Քննարկել ենք մեր ներկայիս և հետագա համագործակցությունը կինոյի, երաժշտության, փառատոնների, գրականության և շատ այլ ոլորտներում: Նաև քննարկել ենք մասնագետների փորձի փոխանակման հարցը»,-եզրափակեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում