«Հայկական ժամանակ». Երևանում ավտոբուսի վթարից տուժածներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում գտնվող լողավազանի մոտակայքում թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին։ Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ավտոբուսի վթարից տուժած 4 ուղևորներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։

«Մեզ մոտ ընդունվել է վեց քաղաքացի, որից երկուսը բուժօգնություն ստացել են ամբուլատոր պայմաններում, քանի որ ունեցել են միայն քերծվածքներ, իսկ չորս հոգին վերակենդանացման բաժանմունքում են։ Նրանց հսկում են տարբեր մասնագետներ, տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասել է գլխավոր բժիշկը։

Կուրղինյանի խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվողները 40-83 տարեկան քաղաքացիներ են։ Բժիշկի տեղեկացմամբ՝ վնասվել են նրանց ոտքերը, ձեռքերը և կրծքավանդակները, թեև կյանքներին վտանգ չի սպառնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում