Եվրոպայի խորհուրդը ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու հարցով նախազգուշացրել է Ադրբեջանի կառավարությանը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը չկատարելու վերաբերյալ նախազգուշացում է կատարել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Նախարարների կոմիտեի սեպտեմբերի 19-21-ը տեղի ունեցած նիստի արդյունքների հիման վրա կոմիտեի քարտուղարությանը հանձնարարվել է պատրաստել Ադրբեջանում անօրինական ազատազրկված ընդդիմադիր ակտիվիստ Իլգար Մամեդովի գործով նախնական բանաձևի նախագիծ: Նախագիծը նախատեսում է Ադրբեջանին պաշտոնական ծանուցագիր ներկայացնել և նախազգուշացնել Եվրոպական կոնվենցիայի 46 § 1 կետով ( Եվրոպական դատարանի որոշման չկատարելը) սահմանված պարտականությունները չկատարելու հարցը ՄԻԵԴ մտցնելու վերաբերյալ նախարարների կոմիտեի մտադրության մասին:

«Եթե մինչև 2017-ի հոկտեմբերի 25-ը Իլգար Մամեդովի ազատ արձակման գործում առաջընթաց չնկատվի, ապա բանաձևը կներկայացվի հոկտեմբերի 25-ին տեղի ունենալիք նիստին»,- նշված է Եվրոպայի խորհրդի լրատվական ծառայության տարածած հայտարարության մեջ:

Եվրոպայի խորհրդի 68-ամյա պատմության ընթացքում Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածը դեռևս չի կիրառվել և եթե Ադրբեջանը չկատարի իր պարտականությունները առաջինը կկիրառվի այդ երկրի նկատմամբ:

Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի էությունը կայանում է նրանում, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դատարան է ներկայացնում ՄԻԵԴ-ի որոշումները ի կատար չածելու հարցը:

Ադրբեջանում գործող ընդդիմադիր REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը ձերբակալվել է 2013 թ. հունվարի 23-24-ը Իսմայիլլիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Մամեդովը 7 տարի ազատազրկման է դատապարտվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանությանը դիմադրելու շինծու մեղադրանքներով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014-ի մայիսին որոշում է կայացրել, ըստ որի Իլգար Մամեդովի ձերբակալությամբ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ հոդվածներ, ներառյալ 5.1, 5.4 եւ 6.2 հոդվածները (անձի ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության եւ անմեղության իրավունքը եւ այլն): Դատարանի եզրակացության համաձայն` Իլգար Մամեդովը ձերբակալվել է առանց ապացույցի, ուստի նա պետք է ազատ արձակվեր, սակայն Ադրբեջանի ավտորիտար իշխանությունը, ով ձերբակալությունների և հետապնդումների միջոցով ցանկանում է ազատվել ընդդիմադիրներից և երկրում լռեցնել խոսքի ազատության ցանկացած դրսևորում հրաժարվում է ի կատար ածել ՄԻԵԴ-ի վճիռը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում