Ուժերը չափեցին քրեական իրավունքի ապագա մասնագետները

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) հերթական անգամ անցկացրին դատախաղ-մրցույթ ՀՀ և Արցախի բուհերի ուսանողների համար:

Իր տեսակով եզակի, տարածաշրջանում նախադեպը չունեցող, քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղ-մրցույթն անցկացվեց արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ այն անց է կացվել 2016-2017 ուսումնական տարում, որի ժամանակ հաղթող էր ճանաչվել ԵՊՀ թիմը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես մրցույթն անց է կացվել 2 փուլով՝ գրավոր, որի ընթացքում ուսանողները առաջադրված խնդրի վերաբերյալ հայտնել են իրենց փաստարկված դիրքորոշումները՝ մեղադրող և պաշտպանող կողմերի տեսանկյուններից, ապա բանավոր, որի ընթացքում միմյանց հետ մրցել են գրավոր փուլը հաղթահարած և առավելագույն միավորներ հավաքած 6 թիմերը:

Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀ բուհերի 8 և Արցախի պետական համալսարանի 2 թիմեր: Գրավոր փուլը հաջողությամբ հաղթահարել են հետևյալ թիմերը՝

1. Երևանի պետական համալսարանի 1,
2. Երևանի պետական համալսարանի 2,
3. Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Modus Vivendi»,
4. Արցախի պետական համալսարանի,
5. Գավառի համալսարանի «Գեղամա»,
6. Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Lex Dominus»:

Դատախաղ-մրցույթի բանավոր փուլը տեղի ունեցավ 2017 թ.-ի սեպտեմբերի 22-ին և 23-ին «Արթուրս Աղվերան ռեզորթ»-ում:

Բանավոր փուլի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ԵՊՀ իրավագիտության դեկան Գագիկ Ղազինյանը, ողջունելով ներկաներին և հաջողություն մաղթելով մասնակիցներին, ուրախությամբ փաստեց, որ դատախաղ-մրցույթն արդեն ավանդական է դառնում. «Սա իսկապես իր տեսակի մեջ բացառիկ միջբուհական մրցույթ է, որը հնարավորություն է տալիս գործնականում կիրառելու և դրսևորելու տեսական գիտելիքները»:

Բանավոր փուլի կիսաեզրափակիչ խաղերն անց են կացվել սեպտեմբերի 22-ին: Մրցող թիմերից յուրաքանչյուրը ներկայացել է երկու դիրքորոշմամբ՝ մեղադրող և պաշտպանող կողմ (մրցակիցներն ընտրվել են վիճակահանությամբ): Կիսաեզրափակիչ խաղերի արդյունքներով առավելագույն միավորներ վաստակած Երևանի պետական համալսարանի 2 և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Modus Vivendi» թիմերն իրենց ուժերը չափեցին եզրափակչում, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ին:

Ժյուրիի կազմում էին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը (ժյուրիի նախագահ), ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Հակոբյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի դատավոր Համլետ Ասատրյանը, Բրեմենի փաստաբանների պալատի նախկին նախագահ Էրիխ Յոսթերը և այլ փաստաբաններ:
Պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ՝ միջբուհական դատախաղում հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի 2 թիմը:

Ինչպես և նախորդ տարի անցկացված մրցույթին, այս տարի ևս մասնակից թիմերին հանձնվեցին պատվոգրեր և պարգևներ, որոնք սահմանվել էին ինչպես Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ), ԵՊՀ-ի, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի, ՀՀ դատավորների միության, ՀՀ իրավաբանների միության, ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում