ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան

Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) սեպտեմբերի 24-30-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքը:

Վիգենինը Հարավային Կովկասի երկրներում հանդիպելու է կառավարության պաշտոնյաների, խորհրդարանական առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Բացի այդ, նա խոսելու է այն ազդեցությունների մասին, որ ձգձգված հակամարտությունները գործում են տարածաշրջանի բնակիչների վրա:

«Չափազանց հեշտ է խառնվել հրադադարի ռեժիմի խախտումների վիճակագրության մեջ: Տարածաշրջանի բնակիչների համար սրանք ոչ թե աբստրակտ հասկացություններ են, այլ իրական ազդեցություն նրանց բարեկեցության վրա: Հուսով եմ, որ կկարողանամ ավելի մեծ ուշադրություն հրավիրել մարդկային կյանքերի վրա ազդեցություն թողած ձգձգված հակամարտությունների վրա»,- ասել է Վիգենինը:

Քրիստիան Վիգենինը Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի պաշտոնում է նշանակվել 2016 թվականի փետրվարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում