Ալեքսանդր Իսկանդարյանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դեռեւս որեւէ լուրջ շարժ չի ակնկալում

Կովկասի ինստիտուտի ղեկավար, Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակում դեռեւս որեւէ լուրջ փոփոխություն չի ակնկալում: Նրա դիտարկմամբ՝ թեպետ սահմանային լարվածությունը նվազել է՝ համեմատած նախորդ տարվա, այնուամենայնիվ այն կա, եւ դժվար է ասել՝ արդյոք նոր ռազմական գործողություններ չեն լինի:

«Ղարաբաղյան հակամարտությունն այն փուլում չէ, որ կարելի է ակնկալել որեւէ լուրջ շարժ: Գիտենք, որ Մինսկի խումբը զբաղվում է ոչ թե հակամարտության լուծմամբ, այլ սահմանին բռնությունների զսպմամբ: Եվ մոնիտորինգների, հետաքննական, վերահսկման մեխանիզմների մասին խոսակցությունները միտված են հենց բռնությունների զսպմանը, ոչ թե հակամարտության կարգավորմանը»,-ասաց նա:

Խոսելով բանակցությունների ընթացքից՝ քաղաքագետը նշեց, որ այն պետք է պահպանել, քանի որ այդպես է անհրաժեշտ: «Ընդամենը պետք է ցույց տալ, որ կարգավորման գործընթացը շարունակվում է»,-ընդգծեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում