Հայաստանն ու Իրանը կինոհամագործակցության համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի միջև սեպտեմբերի 25-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից:

Հայկական կողմից փաստաթուղթը վավերացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, իսկ իրանական կողմից՝ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը։ Երկու կառույցների պատասխանատուները հույս հայտնեցին, որ համաձայնագիրը կարևոր խթան կհանդիսանա նոր կինոգրծընթացների զարգացման համար։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքերով, նոր փաստաթուղթն արդեն ունեցած Իրան-Հայաստան երկարամյա մշակութային համգործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու հնարվորություններ է ընձեռում։ Իսկ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշն ավելի քան համոզված է, որ այս համաձայնագիրը նոր փուլ է բացելու երկու երկրների կինոոլորտների գործակցության համար։

Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի գործակցության բազմազան ուղղություններ, այդ թվում՝ կինոարտադրության հատվածում ՝ սկսած սցենարի զարգացումից մինչև հետարտադրական փուլ, կրթական ծրագրերի իրականացում երկու երկրներում, հայ-իրանական կինոշուկայի ձևավորում, ֆիլմերի տարածում, փառատոնային գործակցությունների զարգացում, երկու երկրներում կինոյի օրերի անցկացում և այլն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում