«Վարդանանց ասպետներ» կազմակերպության պատվիրակությունն այցելել է սփյուռքի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 24-ին ընդունեց ԱՄՆ-ի «Վարդանանց ասպետներ» կազմակերպության նորընտիր ավագ ատենապետ Գերի Զամանիկյանին, ավագ դպրապետ Ռիչարդ Նորսիկյանին, նախկին ավագ սպարապետ Սթիվ Քրաջյանին և կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Գոհար Պալյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորեց «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հետ սերտ համագործակցությունը և կրթական, մշակութային համատեղ ծրագրերի իրականացումը: Նախարարը մասնավորապես նշեց. «Շատ ուրախ եմ, որ եկաք: Մեզ համար մեծ պատիվ է մեր լավագույն կազմակերպություններից մեկի ներկայացուցիչների մասնակցությունը«Հայաստան-Սփյուռք» համաժողովին: Շատ կարևոր է սփյուռքի համախմբումը և մեկտեղումը, միասնականության զորացումը: Սփյուռքում հայկական համայնքը հայ պահելու համար մենք պետք է օգնենք պահպանել լեզուն, մշակույթը, հավատքը, ընտանիքը: Մենք ծրագրեր ենք մշակում, որպեսզի Սփյուռքը ավելի մոտենա Հայաստանին, Հայաստանն էլ՝ Սփյուռքին»:

Նախարարը ներկայացրեց Սահմանապահ գյուղերին աջակցության» ծրագիրը և առաջարկեց 44 գյուղերից ընտրել մեկն ու այն դարձնել «Վարդանանց ասպետներ»-ի գյուղ, շենացնել այն, մանկապարտեզ, դպրոց վերանորոգել, սոցիալական ծրագրեր իրականացնել:

«Վարդանանց ասպետներ» կազմակերպության ավագ ատենապետ Գերի Զամանիկյանը շնորհակալություն հայտնեց նախարարին հանդիպման համար և հավելեց. «Մեզ համար մեծ պատիվ է ներկայանալ Ձեզ, և ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել հրավերի համար: Մասնակցեցինք հայապահպանությանն ուղղված թեմատիկ նիստերին, զեկուցումները բավականին ընդգրկուն էին, հետաքրքիր: Հայապահպանությունը առաջնահերթություն է մեզ համար: Սփյուռքում ձուլումը արագ և դյուրին է, որովհետև երիտասարդությունը օտար շրջանակի մեջ է գտնվում, կորցնում ենք լեզուն: Խառնամուսնությունները նույնպես քայքայում, թուլացնում են համայնքը:Այդ տեսանկյունից համաժողովում բարձրացված հարցերը խիստ կարևոր և առաջնային են: Սփյուռքը ուժեղ է Հայաստանով, Հայաստանը՝ Սփյուռքով: Մեծ սիրով և պատրաստակամությամբ ընդունում ենք սահմանապահ գյուղերին աջակցության Ձեր առաջարկը»:

Կազմակերպության ավադ դպրապետ Ռիչարդ Նորսիկյանը, ով նաև «Նոր գեղի» հայրենակցական միության նախագահն է, նշեց, որ նախօրեին եղել են Նոր Գեղիում և աջակցում են տեղի մանկապարտեզի սրահի նորոգման աշխատանքներին: «Միության անդամները 300-400 հոգի ամեն տարի հավաքվում են Դեթրոյթում, մասնակցում են բարեգործական հավաքներին ու հետագա գործունեության ծրագրեր մշակում»:

«Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը հիմնադրվել է 1916թ., գրասենյակներ ունի ԱՄՆ-ում, Կանադայում, 2016թ.-ից նաև՝ Հայաստանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում