Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Բուլղարիայում օծվեց հայկական եկեղեցի

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը մեկնեց Բուլղարիայի Յամբոլ քաղաք՝ հանդիսապետելու նորակառույց եկեղեցու օծման և բացման արարողությունը։

Ինչպես տեղեկացրին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից, սեպտեմբերի 24-ին հընթացս Սուրբ Պատարագի օծվեցին եկեղեցու 16 սյուները և մկրտության Սուրբ ավազանը։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2008 թվականին՝ թեմի լուսահոգի առաջնորդ Տ․Տիրայր արք․Մարտիկյանի ձեռամբ։ Հայկական եկեղեցաշինական ավանդույթներով կառուցված եկեղեցու ճարտարապետներն են Ժիրայր և Ալվարդ Պատվականները։

Աղոթատունը, որտեղ կարող է տեղավորվել շուրջ հարյուր մարդ, կառուցվել է Սոնյա Արշավիրի բարերարությամբ։

Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ռումինիայի հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․Տաթև եպս․Հակոբյանը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, պատգամավորներ, Բուլղարիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հայ համայնքի անդամներ, այլ քաղաքներից ժամանած հյուրեր։

Թեմակալ առաջնորդ Տ․Իսահակ վարդապետ Պողոսյանն իր քարոզում նշեց, որ յուրաքանչյուր եկեղեցի աշխարհի որ անկյունում էլ կառուցվի, կառուցվում է առ Աստված հավատքով, առ Սուրբ Էջմիածինը սիրով և այն խոր համոզմամբ, որ առանց Հայ Եկեղեցու վտանգված է քրիստոնյա հայի հոգևոր կյանքը, ազգի հարատևության ու փրկության երաշխիքը։ «Այս նորակերտ եկեղեցին ձեր հավատքի վկայությունն է, որի օրհնաբեր հարկի ներքո համախմբվել եք այսօր»,-ասաց հայր սուրբը։

Բարձր գնահատելով բարերար Սոնյա Արշավիրի եկեղեցաշինության գործում ունեցած ավանդը՝ բարերարը պարգևատրվեց «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով։

Հայր Իսահակը նաև գնահատանքի խոսք ասաց Բուլղարիայի իշխանության ներկայացուցիչներին, Յամբոլի ղեկավարներին, ինչպես նաև քաղաքի բուլղար բնակչությանը հայ համայնքի հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար։

Եկեղեցու օծման և հանդիսավոր բացման արարողությունից հետո ներկաներին Վեհափառ հայրապետի շնորհավորանքներն ու հայրապետական օրհնությունը փոխանցեց Տ․Եզրաս արք․Ներսիսյանը։ Սրբազան հայրն իր խոսքում նշեց, որ սեպտեմբերի 24-ը Յամբոլ քաղաքի հայերի համար տոն է հավատքի, սիրո ու նվիրումի։ «Հակառակ մեզ բաժին ընկած բոլոր դժվարությունների ու փորձությունների, հայ ժողովուրդը միշտ մնացել է հավատարիմ Սուրբ Էջմիածնին, որը Աստծո Միածին Որդու իջմամբ է հիմնվել և որով օրհնվել է հողը հայրենի և ազգը մեր աստվածասեր»,-ասաց Սրբազան հայրը և պատգամեց հավատարիմ մնալ Տիրոջ պատվիրաններին, Աստծո տանը առատացնել աղոթքը՝ հանուն աշխարհի խաղաղության, ժողովուրդների բարեկամության, Հայաստանի և Բուլղարիայի առաջընթացի և առաքելահաստատ Հայ Եկեղեցու պայծառության։

Հնադիսավոր արարողության ավարտին սիրո ճաշ տրվեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում