«Հրապարակ». «Կիլիկիայի Հակոբ»-ի բիզնեսը բարգավաճում է

Խորհրդարան չանցնելուց հետո ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Կիլիկիա» գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանի գործերը սկսել են «աջ» գնալ։ Նա Դիլիջանում համանուն գարեջրի գործարան է հիմնել, որի բացումը կկայանա առաջիկայում։ Հակոբյանը վստահեցրել է, որ նոր ապրանքանիշը հայկական շուկայում հստակ առանձնահատկություն ունի:

«Ինչպես գիտեք, դրսից գարեջրեր են ներկրվում, աշխատելու ենք այնպես անել, որ դրանց որակին մոտ լինի, որպեսզի նրանց փոխարեն նախընտրեն մեր տեղական արտադրությունը։ Նպատակը եղել է, որ պայքարենք ներմուծվող գարեջրերի դեմ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է նախկին պատգամավորը։

Հակոբյանը մանրամասնել է, որ նոր արտադրանքը նման է լինելու չեխական և գերմանական գարեջրին և արտադրվելու է համապատասխանաբար Դիլիջան-1, Դիլիջան-2 տարբերանշաններով։ Այդ գարեջրի արտադրությունն արդեն կա և փոքր քանակով հայկական շուկա է հանվել։ Հակոբյանը մտածում է նաև արտահանման մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում