Կառավարությունն ավարտին է հասցնելու Հյուսիս-հարավ ավտոճանապարհի ծրագիրը

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցնում է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ծրագիրը և այն հասցնելու է ավարտի: Հրավիրված ասուլիսում նախարարը նշեց, որ ծրագրի Երևան-Արտաշատ հատվածի 7 կամրջի շինարարությունն ակտիվ շարունակվում է. պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ՝ մայիսին, կամուրջների տակ երթևեկությունը բացվել է, կամուրջների վրա շինաշխատանքները շարունակվում են: «Հոկտեմբերի առաջին տասնօրյակում կամուրջները կբացվեն, որոնցից երեքն ամբողջովին: Իսկ մնացած 4-ի վրա լրացուցիչ աշխատանքներ ենք նախատեսում, որոնք նախագծով նախատեսված չէին: Դրանք կապված են ասֆալտապատման հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Անդրադառնալով Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի հայտարարությանը, թե Հյուսիս-հարավի մեկ կիլոմետրի կառուցման արժեքը նախկին 1,2 մլն դոլարի դիմաց բարձրացել է՝ հասնելով 3,5 մլն դոլարի, և լրագրողի դիտարկմանը, թե Ռոզենթալը կասկածի տակ է դրել ծրագրի շարունակությունը՝ Վահան Մարտիրոսյանն ասաց. «Գինը կապված է օբյեկտիվ պատճառների հետ, որոնց, անհրաժեշտության դեպքում, մանրամասն կանդրադառնամ առաջիկայում: ԱԶԲ-ն ֆինանսավորում է ճանապարհի հատվածներից մի քանիսը, նախարարությունը և ԱԶԲ-ն լավ համագործակցում են, ցանկացած ծրագիր քննարկվում է, և վստահ եմ, որ ԱԶԲ ներկայացուցիչը կասկածի տակ չի դրել ծրագրի իրականացումը: Աշտարակ-Լանջիկ հատվածը, որի կառուցումը ֆինանսավորում են ԱԶԲ-ն և Եվրոպական ներդրումային բանկը, հարթավայրային չէ, այդ իսկ պատճառով էլ այնտեղ ինքնարժեքը բարձրացել է՝ կապված հողային աշխատանքների հետ: Վստահ եմ, որ Հայաստանին պետք է այս ճանապարհը, Հյուսիս-հարավից կախված է և՛ զբոսաշրջային, և՛ բեռնափոխադրումների հոսքը, ինչը, վստահ ենք, կավելանա, կակտիվանա նաև բիզնեսը»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը նշեց, որ այժմ մասնավոր հատվածի և այլ բանկերի հետ քննարկվում է ճանապարհի մյուս հատվածների շինարարության հարցը: Կան հատվածներ, որոնց մասով նախագծերը վերջնական փուլի են բերվում:

Հարցին, թե արդյոք նպատակահարմար չէ՞ նշված ծրագրի վրա ծախսվող միջոցներն ուղղել այլ կարևորագույն ուղղություններով՝ նախարարն ասաց, որ ցանկացած ծրագիր պետք է նախևառաջ ուսումնասիրել և գումարներն ուղղել այն ոլորտներ, որտեղ ՀՀ քաղաքացին ավելի շատ կզգա այդ ներդրումը: «Ես համարում եմ, որ Հյուսիս-հարավն այդ ոլորտներից մեկն է: ՀՀ կառավարությունը մտադիր է ավարտին հասցնել այս ծրագիրը»,- շեշտեց նախարարը:

Անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, թե մինչ այժմ ծախսված 150 մլն դոլարի արդյունքում կառուցվել է ընդամենը 30 կմ ավտոճանապարհ՝ Մարտիրոսյանն ասաց: «Ոչ թե կառուցվել է, այլ ընդունվել է այդքան ճանապարհ, որի համար վճարվել է 70 մլն դոլար: 150 մլն դոլար ծախսվել է, սակայն դեռ վճարվածի դիմաց ոչ ամբողջական ծավալի ավտոճանապարհների կառուցման աշխատանքներն են ընդունվել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում