Միասնական երթուղային ցանցի պիլոտային ծրագիրը շուտով կիրականացվի մարզերից մեկում

Հայաստանում մշակվել է միասնական միջմարզային և միջքաղաքային երթուղային ցանց: Դրանում ներառվել են նաև այն համայնքները, որոնք ներկայում տրանսպորտով չեն սպասարկվում: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Ներդրվելու է միասնական տոմսի, մեկ կամ երկու օպերատորի համակարգ, գծատեր հասկացողությունը վերանալու է: Լինելու է միասնական օպերատոր, որը կսպասարկի երթուղային ողջ ցանցը, որն ունենալու է մեծ ավտոբուսային պարկ, տրանսպորտով ապահովելու է բոլոր համայնքները: Մեր առաջնահերթ խնդիրը ուղևորների որակյալ սպասարկումն է: Շուտով նշված համակարգի պիլոտային ծրագիրը կիրականացվի մեկ մարզում»,- ասաց նախարարը:

Մարտիրոսյանը նշեց, որ պիլոտային ծրագիրն իրականացնելուց հետո ավելի ստույգ կպատկերացնեն համակարգի դրական և բացասական կողմերը, ըստ այդմ էլ կարող է լինել մեկ կամ մի քանի օպերատոր: «Ավելի ստույգ կերևա պիլոտային ծրագրից հետո, նախատեսում ենք ունենալ մինիմալ քանակի օպերատորներ»,- ասաց Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում