Հայաստանը համակրանքով է լցված քուրդ ժողովրդի պայքարի հանդեպ, սակայն ունի սեփական շահերը

Հայաստանի դիրքորոշումը քրդական անկախության վերաբերյալ նախեւառաջ պետք է լինի կշռադատված եւ զգացական դաշտից դուրս: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացված անկախության հանրաքվեին` նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Աշխարհում ընթացող ոչ բոլոր ազգային-ազատագրական պայքարներին է, որ հայ ժողովուրդը պետք է մասնակցի կամ Հայաստանը պետք է աջակցություն ցուցաբերի: Մենք համակրանքով ենք լցված քուրդ ժողովրդի պայքարի հանդեպ, սակայն ունենք սեփական շահերը, որոնք վտանգվում են այն հատվածում, եթե մենք ունենք հնարավոր հեռանկարներ՝ կապված Իրանում քրդական գործոնի ակտիվացման հետ: Մեզ համար Իրանի հետ հարաբերությունները կենսական կարեւորություն ունեն, նույնն էլ՝ Իրանի համար»,-ընդգծեց նա:

Իրանագետի դիտարկմամբ՝ չնայած չկան վերջնական տվյալներ, բայց ակնհայտ է, որ համենայնդեպս Քրդստանի ինքնավարության տարածքում բնակչությունը մասնակցել է հանրաքվեին եւ կողմ է արտահայտվել Քրդստանի անկախությանը:

«Կան որոշակի խնդիրներ, այսպես ասած, վիճելի տարածքներում: Խոսքն այն տարածքների մասին է, որոնք Քրդստանի ինքնավարությունը վիճարկում են Բաղդադի կենտրոնական իշխանությունների հետ՝ Քիրքուկը, Մոսուլը, Սինջարը: Մենք, ցավոք, չունենք հստակ տվյալներ Սինջարից՝ հաշվի առնելով այն, որ այնտեղ ապրում են մեծամասամբ եզդիներ»,-ասաց Վարդան Ոսկանյանը՝ հիշեցնելով, որ հանրաքվեի անցկացումը դեռ չի նշանակում անկախության հռչակում, ինչի համար կարող են պահանջվել տարիներ:

Անդրադառնալով տարածաշրջանային պետությունների արձագանքներին՝ իրանագետը նշեց, որ կանխատեսելի էին թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի դիրքորոշումները:

«Բնականաբար, նրանք դեմ պետք է արտահայտվեին նման հանրաքվեի անցկացմանը եւ ընդհանրապես Քրդստանի անկախության հռչակմանը: Առհասարակ, Իրանը բավականին դիվանագիտական դիրքորոշում է արտահայտում՝ ասելով, որ ոչ թե դեմ է անկախությանը, այլ կողմ է Իրաքի միասնականությանը:

Թուրքիան ավելի զգացական դաշտում արտահայտվեց: Էրդողանը սպառնալիքներ հնչեցրեց թե ՄԱԿ-ից, թե Անկարայից: Տարօրինակ է արաբական պետությունների լռությունը, չնայած խոշորներից Սաուդյան Արաբիան գոնե պաշտոնական մակարդակում դեմ արտահայտվեց: Սակայն երբեմն հռետորաբանությունը չի համապատասխանում իրական գործողություններին, քանի որ ըստ իս՝ Սաուդյան Արաբիան լրջորեն չի կարող դեմ լինել Իրաքում Քրդստանի պետության ձեւավորմանն այն հեռանկարով, որ դա կլինի իր արբանյակը, այսինքն՝ կլինի իր ազդեցության տակ»,-նշեց Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ կողմ արտահայտված միակ պետությունը՝ Իսրայելը, հետապնդում է սեփական շահերը՝ նպատակադրվելով Իրանի սահմանների երկայնքով ստեղծել երկրորդ հակաիրանական արբանյակ երկիրը, որը եւ Ադրբեջանի հետ զուգահեռ կդառնա հետագայում նախատեսվող իսրայելակենտրոն դաշինքի դերակատարներից մեկը:

Սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացվեց անկախության հանրաքվե: Քվեարկությանը մասնակցում էին ոչ միայն Իրաքյան Քրդստանի կազմում ներառված Էրբիլի, Սուլեյմանիայի, Դահուկի նահանգները, այլեւ Քիրքուկ, Նայնավայ եւ Դիյալայ վիճելի տարածքները: Քվեարկության ընթացքին հետեւում էր 400-ից ավելի միջազգային դիտորդ: Ընդհանուր առմամբ, անկախության հանրաքվեին մասնակցելու համար գրանցվել էր 5,2 մլն մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում