Երևանում մեկնարկեց երեխաների հանդեպ բռնության դեմ ուղղված հնգամյա արշավը

Երևանում սեպտեմբերի 26-ին մեկնարկեց «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության դեմ ուղղված հնգամյա արշավը: Արշավի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում երեխայի հանդեպ բռնության կանխարգելմանը, վերացմանը և բռնության ենթարկված երեխայի համակողմանի վերականգմանը:

Նախաձեռնող խմբի անդամ, «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն ժիրայր Էդիլյանը նշեց, որ արշավը մի շարք կազմակերպությունների հետ պայքարելու է երեխաների նկատմամբ բռնության դեմ: Նրա խոսքով` Հայաստանի վիճակագրական տվյալները մտահոգության տեղիք են տալիս:

Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության (2015-16 թթ.) համաձայն, 1-14 տարեկան տասը երեխայից յոթը հետազոտության նախորդ 30 օրերի ընթացքում ենթարկվել են հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի: Երեխաների 65 տոկոսը ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 տոկոսը` ֆիզիկական պատժի որևէ տեսակի:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորեց այս արշավի կազմակերպումը և նշեց, որ նախարարության առաջնային նպատակներից է երեխաների իրավունքների պաշտպանությունը, նրանց նկատմամբ բռնության վերացումը և կանխարգելումը:

«Պետական կառավարման մարմինները ունեն համապատասխան գործիքներ, այդ թվում՝ նաև օրենսդրական գործիքներ այդ բռնությունները կանխարգելելու ուղղությամբ: Արդարադատության նախարարությունը հստակ քայլեր է ձեռնարկում երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև նրանց համար անվտանգ և բարենպաստ պայմանների ստեղծման ուղղություններով: Դրանցից է անչափահասների արդարադատության խորհուրդը, որտեղ փորձ է արվում երեխաներին առնչվող խնդիրների լուծում գտնել: Դա մի հարթակ է, որտեղ քննարկվում են բոլոր այն խնդիրները, որոնք երեխաները ունենում են շփվելով իրավապահ համակարգի հետ»,- ասաց Քրմոյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանի խոսքով` Կառավարության կողմից լուրջ քայլեր են իրականացվում՝ ուղղված երեխաների նկատմամբ բռնության դեմ:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է լուրջ բարեփոխումներ՝ ուղղված երեխայի շուրջօրյա հաստատությունների վերակազմակերպմանը, այլընտրանքային ծառայությունների ներդրմանը և կենսաբանական ընտանիքների աջակցությանը»,- ասաց Հարությունյանը:

2015 թվականին ՄԱԿ-ում որոշում է կայացվել ստեղծել «Վե΄րջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերությունը և մինչև 2030 թվականը վերացնել ամբողջ աշխարհում երեխաների հանդեպ բռնության բոլոր ձևերը:

«Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա հանրային արշավը` որպես համաշխարհային համանման արշավ, հայաստանյան նախաձեռնություն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում