Իրաքի իշխանությունները սպառնացել են արգելել ավիահաղորդակցությունը քրդական ինքնավարության հետ

Պաշտոնական Բաղդադը մտադիր է երեք օրից արգելք դնի Իրաքյան Քուրդիստանի հետ միջազգային ավիահաղորդակցության նկատմամբ, եթե շրջանի ղեկավարությունն ինքնավարության տարածքում տեղակայված օդանավակայանը չհանձնի իր վերահսկողությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Աս-Սումարիա» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով դաշնային կառավարության որոշումը:

«Նախարարների կաբինետը երեքշաբթի որոշել է երեք օրից արգելք սահմանել դեպի Քուրդիստան և այնտեղից ավիաչվերթերի վրա, եթե ինքնավարության օդանավակայանները չհանձնվեն դաշնային կառավարության վերահսկողությանը»,- հեռուստաընկերությունը մեջբերել է կառավարության հայտարարությունը:

Ավելի վաղ Իրաքի կառավարությունը պահանջել էր քրդական իշխանություններից իր վերահսկողությանը հանձնել նաև շրջանի սահմանային կետերը, այդ թվում՝ օդանավակայնները, իսկ արտասահմանյան պետություններից՝ դադարեցնել նավթային ոլորտում համագործակցությունն Իրաքյան Քուրդիստանի հետ:

Այստեղ տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասնակիցների 70 տոկոսից ավելի քվեարկել է անկախության օգտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում