Պուտինը մեկնել է Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ կհանդիպի իր գործընկերոջ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Երկու երկրի նախագահների քննարկման կենտրոնական թեման լինելու է իրադրությունը Սիրիայում:

Պեսկովն ընդգծել է, որ Թուրքիան և Ռուսաստանը սերտ առևտրային և տնտեսական, ներդրումային, մշակութային և ռազմատեխնիկական համագործակցություն են իրականացնում, աշխատում են լայնամասշտաբ նախագծերի վրա:

Էրդողանն ու Պուտինը սեպտեմբերի 25-ին հեռախոսազրույց էին ունեցել՝ քննարկելով Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն: Հաստատելով այս տեղեկությունը՝ Պեսկովն ավելացրել է. «Այս հարցում Ռուսաստանի տեսակետը որևէ փոփոխության չի ենթարկվել, մենք շարունակում ենք հավատալ, որ պետությունների տարածքային և քաղաքական ամբողջականությունը պահպանելը խիստ կարևոր է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում