Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: «Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել պատժի լրիվ կրման հիմքով»,- նշեց Ղլեչյանը:

Դիտարկմանը, թե Վազգեն Խաչիկյանը 2014թ. դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, ստացվում է, որ դատապարտվելուց 3 տարի անց նա ազատ է արձակվում, Գոռ Ղլեչյանը պատասխանեց. «Նա հինգ տարի նստած է եղել: Հաշվում ենք նաև կալանքի տակ լինելու ժամկետը: Օրենքով այդպես է` նա ազատ է արձակվել պատժի լրիվ կրման հիմքով: Այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»:

2014 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման` գույքի բռնագրավմամբ՝ ոչ ավելի քան 290 միլիոն 115 հազար 652 ՀՀ դրամի չափով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում