Արցախը ճիշտ է վարվել՝ ողջունելով Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն

Արցախը ճիշտ է վարվել, որ ողջունել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն: Ինքնորոշման իրավունքի ճանաչման նման դեպքերը կնպաստեն Արցախի հարցի կարգավորմանը: Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն այս տեսակետը հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Արցախը պետք է ինչ-որ իմաստով դրական կեցվածք ցուցաբերի բոլոր այն իրադարձություններին, որոնք կապված են ինքնորոշման իրավունքի իրացման հետ: Ինքնորոշման իրավունքի ճանաչման դեպքերը կնպաստեն Արցախի հարցի կարգավորմանը: Կարևոր է նաև այն, որ Արցախը կոչ է արել, որ հետագա զարգացումները լինեն խաղաղ»,- ասաց Մանոյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանն այս հարցում նախքան որևէ դիրքորոշում ընդունելը պետք է սպասի՝ տեսնելու, թե ինչպիսին կլինեն Իրաքյան Քրդստանի հետագա քայլերը, զարգացումները:

«Դեռ պարզ չէ, թե Քրդստանն այս հանրաքվեն օգտագործելու է անկախություն հռչակելու, թե Բաղդադի հետ նոր բանակցություններ սկսելու համար: ՀՀ արտգործնախարարի հայտարարությունն այս պահին, հավանաբար, առավելագույնն էր, որ կարելի է անել»,-ասաց Կիրո Մանոյանն ու հավելեց՝ հարևան բոլոր պետությունները դեմ են, սակայն մեր դիրքորոշման հիմնական կողմնորոշիչը դա չէ:

Նրա խոսքով՝ պետք նաև նկատի ունենալ, որ Իրաքյան Քրդստանում կան տարաձայնություններ, նաև քաղաքական վեճեր: Այդ պատճառով հետագա զարգացումները դեռ անորոշ են: Անհրաժեշտ է սպասել զարգացումներին հստակ դիրքորոշում որդեգրելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում