Այս հաղթանակը նվեր էր այն մարդկանց, ովքեր հավատում էին ինձ. Լևոն Արոնյան

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության հաղթանակը նվիրում է նրանց, ովքեր դժվարին պահին աջակցել և եղել են իր կողքին:

«Ես շատ անգամ եմ մասնակցել աշխարհի գավաթի խաղարկություններին: Լարվածությունն այնքան մեծ չէր, ինչպես առաջին կամ երկրորդ անգամ էր: Այս անգամ գիտեի, որ ես ուրիշ հնարավորություն չէի ունենա հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու համար: Այդ ժամանակ էլ մեկ-երկու տարի կորցնում ես: Շախմատիստի համար հնարավորությունները պակասում են այդ ժամանակ: Ինձ համար լարված մրցաշար ստացվեց: Հպարտ եմ, որ մեծ հաղթանակ տոնեցի: Լագրավի հետ հանդիպումը բարդ էր: Հուզմունքս ավելացավ, երբ Լագրավի հետ արագ շախմատում վատ խաղացի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արոնյանը:

Աշխարհի նորընծա գավաթակիրը իր համար մեծ հպարտություն է համարում իր և շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի միջև համեմատությունը: «Միշտ ճանապարհներ եմ փնտրել նմանվելու Տիգրան Պետրոսյանին, բայց դեռ չի ստացվում, քանի որ նա շատ հանճարեղ շախմատիստ է: Ես ավելի տաքարյուն եմ, քան Պետրոսյանն էր»:

Լևոնը նախօրեին, երբ նվաճեց աշխարհի գավաթը Թբիլիսում, այցելել է Տիգրան Պետրոսյանի բակ, որտեղ շրջել և դիտել է աշխարհի չեմպիոն Պետրոսյանի տունը: «Ինձ միշտ հետաքրքիր է տեսնել, թե որտեղ են ապրել մեր շախմատիստները»,-ասաց Արոնյանը:

Հայ գրոսմայստերը կարևորեց նաև թիմի դերը, որն իր հետ Թբիլիսում է եղել: «Եթե թիմս, ընտանիքս, Արիաննան ինձ այդքան չաջակցեին, ես չէի հասնի այս հաջողությանը: Երբ վատ տարի է լինում, այդ ժամանակ նոր հասկանում ես, թե ովքեր են մոտիկներդ, հարազատ մարդիկ: Այս հաղթանակը նվեր էր այն մարդկանց, ովքեր հավատում էին ինձ»,-շեշտեց Արոնյանը:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր: Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտվեց: Եզրափակիչում Արոնյանը մրցում էր չին շախմատիստ Դին Լիժենի հետ: Դասական 4 պարտիաներից հետո շախմատիստներն ունեին 2-ական միավոր, և որոշիչ եղավ թայ-բրեյքը: Արագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով գերազանցեց մրցակցին: Երկրորդ պարտիայում ևս Արոնյանը հաղթեց: Հավաքելով 4 միավոր՝ Արոնյանը 12 տարի անց կրկին դարձավ աշխարհի գավաթակիր: Նա առաջին շախմատիստն է, ով շահում է Աշխարհի գավաթը երկրորդ անգամ: Մրցաշարն անցկացվում էր, այսպես կոչված, «նոկաուտ» համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում էին 128 շախմատիստ: Արոնյանը իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել նաև 2005 թվականին: Կրկնակի գավաթակիրը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում