Թուրքիան պետք է հեռու մնա ԼՂ խնդրի հանգուցալուծման գործընթացից. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Թուրքիայի ՊՆ-ին

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը միջամտելու Թուրքիայի վնասակար փորձերը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

-Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ:

– Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել և հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական և ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում