Հնդիկ գործարարները Հայաստանում հետաքրքրված են ՏՏ, զբոսաշրջության և ավիացիայի ոլորտներով

Հնդիկ գործարարները համագործակցության նպատակով հետաքրքրված են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ավիացիայի ոլորտներով: Սեպտեմբերի 28-ին Հնդկաստանի արդյունաբերական ասոցիացիայի պատվիրակության հայաստանյան գործարար այցի շրջանակում կայացավ հայ-հնդկական գործարար համաժողովը:

«Սա մեր հերթական համաժողովներից է: Փնտրում ենք ներդրողներ: Կան կազմակերպություններ, որոնք պատրաստ են կամ ներդրում կատարել, կամ արտահանում: Ներկայացված են բազմաթիվ ոլորտներ՝ IT, տուրիզմ, թեթև արդյունաբերություն և այլն: Սա սկիզբն է՝ հաստատելու փոխհարաբերություններ հնդիկ գործարարների հետ»,-ասաց համաժողովը կազմակերպող Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

Նրա խոսքով՝ համաժողովին ներկայացված են 20 հնդիկ գործարարներ և ավելի շատ հայ գործարարներ:

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգենդրա Սանգուանի կարծիքով՝ Հնդկաստանում Հայաստանի մասին ինֆորմացիան այնքան էլ հասանելի չէ: Բայց համագործակցելով Հնդկաստանում Հայաստանի դեսպանատան հետ՝ փորձում են ներկայացնել երկիրը :

«Փորձում ենք ավելի հայտնի դարձնել Հայաստանը Հնդկաստանում: Խրախուսում ենք նաև զբոսաշրջությունը դեպի Հայաստան: Ներկայում արդեն հնդիկների մեծ հոսք կա այստեղ: Գործարար տեսանկյունից մենք հետաքրքրված ենք ազատ տնտեսական գոտու առկայությամբ: Հայաստանում հիմնական մեզ հետաքրքրող ոլորտներն են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, ինչպես նաև զարդերի պատրաստումը, Հայաստանում առկա քարերը»,-ասաց դեսպանը:

Հայաստանում այժմ ներկա են ՏՏ դեղագործական, տուրիզմի, ավիացիայի ոլորտների մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Դեսպանը հուսով է, որ հանդիպումից հետո մի քանի ոլորտներում կիրականացնեն համագործակցություն տեղի ներկայացուցիչների և ընկերությունների հետ:

Համաժողովին ներկա էր նաև Հնդկաստանի արդյունաբերական ասոցիացիայի գլխավոր տնօրեն Շրիքումար Նաիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում