Կալիֆորնիայի Սենատի անդամը հայ-ամերիկյան համագործակցության մեծ ներուժ է տեսնում

Կալիֆորնիայի Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն ուրախ է տեսնել ամերիկացի կոնգրեսականների այցը Հայաստան և Արցախ: Նա ևս բազմիցս եղել է Հայաստանում և նշում է, որ կարևոր է տարածաշրջանային խնդիրներին մոտիկից հետևելը և ընթացող գործընթացների վերաբերյալ մոտեցումներն ավելի լավ հասկանալը: Այս մասին Պորտանտինոն խոսել է «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում:

«Ամերիկացի կոնգրեսականների այցը Հայաստան շատ կարևոր է երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Ես ևս անձամբ այցելել եմ Հայաստան և Արցախ, մոտիկից ծանոթացել եմ հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորների կյանքին: Տարածաշրջանային խնդիրների լուծման տեսանկյունից կոնգրեսականները կարող են կարևոր նշանակություն ունենալ, իսկ այցելելով ավելի լավ պատկերացում կունենան առկա խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ»,- նշել է նա:

Կալիֆորնիայի և Հայաստանի միջև տնտեսական կապերն առաջիկայում նոր թափ կստանան սենատում ստեղծված տնտեսական հանձնաժողովի անդամների ջանքերի շնորհիվ:

«Նախատեսվում է առաջիկայում գործարարներից բաղկացած պատվիրակության այց Հայաստան, որպեսզի նրանք տեղում ուսումնասիրեն տարբեր ոլորտներ և հստակեցնեն համագործակցության հիմնական ուղիները: Գյուղատնտեսություն, տուրիզմ, նորագույն տեխնոլոգիաներ. այս ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա»,- ընդգծել է նա:

Պորտանտինոն հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ընթացքը բարձր է գնահատում և խոստանում, որ շարունակելու է ակտիվ գործունեություն ծավալել հայերին հուզող խնդիրները Կալիֆորնիայի Սենատում բարձրացնելու ուղղությամբ:

Կալիֆորնիայի Սենատի անդամը մի շարք հայանպաստ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է: Նրա վերջին կարևոր ձեռքբերումներից է Լոս Անջելեսի հանրային մի շարք դպրոցներում հայոց լեզվի դասավանդումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում