Եվրոպացի երիտասարդ քաղաքական գործիչներին չի մտահոգում Ադրբեջանի սև ցուցակը

Եվրոպացի երիտասարդ քաղաքական գործիչներին չի մտահոգում Ադրբեջանի սև ցուցակը: Նրանք եկել են Հայաստան ու պատրաստվում են այցելել Արցախ` տեղում ծանոթանալու ղարաբաղյան խնդրին, զրուցելու տեղի բնակչության հետ, տեսնելու, թե երկիրն ինչպես է զարգանում:

«Ինձ բացարձակ չի մտահոգում Ադրբեջանի սև ցուցակը: Ինձ համար միևնույն է ես կհայտնվեմ այդ ցուցակում, թե ոչ: Շատ ավելի կարևոր է մեր այցելությունը Արցախ, կարևոր է, որ արցախցիները մնան իրենց երկրում, այնտեղ ապրեն, անվտանգ կյանք ունենան: Եվ ի վերջո ճանաչվի իրենց պետությունը».- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Բուլղարիայի սոցիալ-դեմոկրատական երիտասարդական կազմակերպության ատենապետ Դմիտր Միտևը` ընդգծելով, որ որպես ընկերվար կուսակցականներ աջակցում են Հայաստանի գործընկերներին: Նա նաև նշեց, որ Հայաստանում է եղել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում: Բուլղարացի քաղաքական գործչի խոսքով, պատմությունը ցույց է տալիս, թե ովքեր են ագրեսորները, ովքեր են տուժածները, զոհերը:

Ադրբեջանի սև ցուցակի վերաբերյալ նույն կարծիքին է Իտալիայի սոցիալիստական կուսակցության վարչության անդամ Ռոզելա Պերան:

«Ես առաջին անգամ եմ Արցախում լինելու, մեծ հաճույքով եմ գնալու: Ինձ համար նույնպես միևնույն է Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելը: Նման խնդիր կար Պաղեստինի դեպքում, բայց ես եղել եմ այնտեղ»,-ասաց Ռոզելա Պերան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում