Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Նախագահ Սերժ Սարգսյանը Լաս Վեգասում տեղի ունեցած բռնության դեպքերի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած բռնության այս ահասարսուռ դրսևորման մասին, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ դարձավ:

Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Մենք աղոթում ենք ԱՄՆ ժողովրդի հետ միասին զոհվածների հոգիների խաղաղության և տուժածների լիարժեք ապաքինման համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում