Դիտորդ Արամ Սարգսյանը մանրամասներ է ներկայացնում Իրաքյան Քրդստանի հանրաքվեից

Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեն ժողովրդի կամքի արտահայտությունն էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով Իրաքյան Քրդստանում դիտորդական առաքելությամբ եղել է Էրբիլում:

«Իմ այցը միջկուսակցական համագործակցության շրջանակում էր, այնտեղ էի դիտորդի կարգավիճակում: Ես կարող եմ ասել, որ հանրաքվեն միանշանակ ժողովրդի կամքի արտահայտությունն էր: Բնակչությունն իր ցանկությամբ գնաց սեփական կամքն արտահայտելու»,-ասաց Արամ Սարգսյանը: Նրա խոսքով, Իրաքյան Քրդստանի բնակչությունը չվախեցավ` չնայած, Թուրքիայի ահաբեկումներին:

«Այսօր կարող ենք ասել, որ գործընթացը սկսված է, այն հետ ճանապարհ չունի: Իրաքյան Քրդստանն ունի հստակ ձևավորված իշխանական բուրգ, բանակ, բնակիչները լոյալ են իր կառավարության նկատմամբ: Դրա հետ մեկտեղ, նրանք բաց են բանակցային գործընթացի համար»,-ասաց Արամ Սարգսյանը` նշելով, որ բանակցությունների դեպքում առաջին փուլում հնարավոր է ֆեդերալիզացիայի գաղափարի իրականացումը:

Իրաքյան Քրդստանի անկախացմամբ, ըստ Արամ Սարգսյանի, թե տարածաշրջանում, թե աշխարհաքաղաքական գործընթացներում էական փոփոխություններ կլինեն:

«Ինչ վերաբերում է Հայաստանի շահերին, ապա, մենք, իհարկե, պարտավոր ենք լավ հարաբերություններ պահպանել արաբական երկրների հետ, չմոռանալ, որ տեղի հայ համայնքներին աջակցություն է ցուցաբերվել, հայապահպանության համար լավագույն պայմաններն են ստեղծվել: Բայց նաև պետք է հաշվի առնել, որ Քրդստանն, իսկապես, հետաքրքիր դեր կարող է խաղալ այլ խնդիրներում: Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրի հետ զուգահեռներին, ապա դրանք կան: Այդ պարագայում հնարավոր է այս հանրաքվեն դառնա նախադեպերից մեկը, եթե հաշվի առնենք, որ այդ նույն գործընթացները սկսվել են Եվրոպայում»,-ասաց Արամ Սարգսյանը:

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսը պաշտպանել է տարածաշրջանի անկախությունը: Հանրաքվեին մասնակցել է շուրջ 3,3 մլն մարդ, մասնակցությունը կազմել է 72,16 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում