Ստարտափների զարգացումը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա

Հայկական ստարտափները 3 տարում կարողացել են ներգրավել 90 մլն դոլարի ներդրում: Թեև հաջողությունները մեծ չեն ստարտափների ոլորտում, սակայն Հայաստանն ունի մեծ ներուժ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը կարևորեց ներուժի օգտագործման ուղղությամբ տարվելիք աշխատանքները և այն, որ դրանց արդյունքը ծառայի Հայաստանի տնտեսությանը:

«Նպատակ ունենք տնտեսության ճյուղերում ներդնել ինովացիոն ստարտափների աջակցության գործիքակազմեր: Այս գործընթացը շատ կարևոր է, քանի որ աշխարհը շարժվում է դեպի ինովացիաների վրա հիմնված արդյունաբերական քաղաքականություն: Ստարտափների հաջողությունների թիվը Հայաստանում մեծ չէ: Սակայն ֆինանսավորման և աքսելերացիոն ծրագրերի շնորհիվ դրանցից շատերն աճել են»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ իրենց խնդիրն է անհաջողությունների տոկոսը նվազեցնելուն միտված մեխանիզմների մշակումը:

Նրա կարծիքով՝ ստարտափների կիրառելի արդյունքները ճանաչողություն են ապահովում տեխնոլոգիական ոլորտում ողջ աշխարհում և բավականին լուրջ ազդեցություն են ունենում համաշխարհային տնտեսության վրա: Կիրառական նշանակության ապրանք արտադրող ստարտափը ՀՆԱ-ի վրա ևս կունենա իր ազդեցությունը:

«Տենոլոգիական ոլորտի, մասնավորապես IT կազմակերպությունների էկոհամակարգի ձևավորման համար բավականին գրավիչ դաշտ կա Հայաստանում նաև հարկային օրենսդրության տեսանկյունից: Այս պահին «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի, GTS-խի կողմից իրականացվող ստարտափներ ունենք: Ունենք ստարտափներ, որոնք արտասահմանյան հիմնադրամներից ներդրումներ են ստանում»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ ստարտափների էկոհամակարգի ձևավորումը Հայաստանում ակտիվորեն սկսվել է 2014 թվականից:

Catalyst հիմնադրամի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանի խոսքով՝ 3 տարում հայկական ստարտափները կարողացել են ներգրավել մոտ 90 մլն դրամ, որի մեծ մասը հայկական կապիտալ չէ:

Փոխնախարար խոսքով՝ տարեկան ստեղծվում են 100-ից ավելի ստարտափ կազմակերպություններ IT ոլորտում: «Այս նույն հաջողությունը պետք է ստեղծենք նաև ինժեներական ոլորտում: Հաջողությունը մեծ չէ, սակայն ունենք կարողություններ, որոնք առավելագույնս օգտագործելու ուղղությամբ պետք է աշխատել: Կառավարությունը պետք է ակտիվ աշխատանք իրականացնի այս ուղղությամբ: Շատ կարևոր է, որ նրանք դուրս չգան Հայաստանից: Դուրս գալու դեպքում էլ արդյունքը ծառայի մեր տնտեսությանը»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում