ԵՄ հանձնակատարը վերահաստատել է Հայաստանում նորարարությանը և տնտեսական աճին օժանդակելու պատրաստակամությունը

ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը օժանդակելու Հայաստանում նորարարությանը և տնտեսական աճին:Հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյանը:

«ԵՄ-ն Հայաստանում իրականացնում է երկու կարևոր ծրագիր՝ ԵՄ-ն հանուն բիզնեսի և ԵՄ-ն հանուն նորարարության: Երեկ Հայաստանում էր հանձնակատար Հաանը, ով վերահաստատեց մեր պատրաստակամությունը՝ օժանդակելու Հայաստանում նորարարությանը և տնտեսական աճին»,-ասաց Հոա Բին Աջեմյանը:

Աջեմյանը ներկայացրեց ԵՄ կողմից տրամադրվող աջակցությունը Հայաստանին: Նրա խոսքով՝ իրենք օժանդակություն են ցուցաբերում բիզնես միջավայրի, ֆինանսների հասանելիության, կրթության և ներկայացվածության ուղղությամբ: «Մենք սերտորեն աշխատում ենք կառավարության հետ գործարարության միջավայրը, դատաիրավական համակարգի անկախությունը բարելավելու ուղղությամբ: Օժանդակում ենք ՓՄՁ-ների ֆինանսների հասանելիության բարելավմանը վարկավորման տեսքով»,-ասաց Աջեմյանը:

Նրա կարծիքով՝ զարգացումը խթանող կարևոր գործոններից է կրթությունը: Հետևաբար` օժանդակում են նաև միջին մասնագիտական կրթություն իրականացնող 15 հաստատությունների և 20 բուհերի՝ տեմպուս ծրագրերի միջոցով:

«23 մլն եվրո արժողությամբ «Եվրամիությունը հանուն նորարարության» օժանդակման մեր նոր ծրագիրը հիմնականում կենտրոնանում է բնագիտական առարկաների կրթության խրախուսման կամ խորացման ուղղությամբ: Այդ ուղղությամբ սերտորեն համագործակցում ենք ԹՈՒՄՈ կենտրոնի և ԿԳՆ-ի հետ: Ներկայանալի դարձնելու առումով ԵՄ-ն Հորիզոն 2020 ծրագրով օժանդակում է գիտահետազոտական ծրագրերին »,-եզրափակեց ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում