Կառավարությունը միջոցներ կհատկացնի ՌԴ-ում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպման նպատակով

Ռուսաստանի Դաշնությունում 2017 թվականի նոյեմբերին «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի կազմակերպման և անցկացման նպատակով Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին որպես նվիրաբերություն կառավարությունը կհատկացնի 109784.0 հազար դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 5-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն, նախա­գծի ընդունումը պայմանավորված է հայ-ռուսական մշակութային կապերի արդյու­նա­վետ զարգացման, երկկողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու, հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների և փոխըմբռնման զարգացման, ՌԴ-ում հայկական մշակույթի ներկայացման բարձրացման և հայերի ինքնության պահպանման անհրաժեշտությամբ:

«Մշակույթի օրերի կազմակերպման բարի ավանդույթը ամրապնդում և խորացնում է մշակութային կապերը, հայ մշակույթն ընդունելի և ճանաչելի է դարձնում երկրի սահմաններից դուրս»,- նշված է հիմնավորման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում