Շիրակ Թորոսյանը քննադատում է ջավախահայերի նկատմամբ վրաց իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառումը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը ճիշտ չի համարում այն, որ սեպտեմբերի 30-ին Ջավախքի Գումբուրդո գյուղում խաչքար տեղադրելու անմեղ, ոչ քաղաքական գործողությանը հակազդեցություն ցուցաբերվեց պետական ուժով: Նրա հավաստմամբ՝ Ջավախքում տարեկան բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվում, վերանորոգվում, վերաօծվում, եւ այս առումով Վրաստանի իշխանությունների հետ որեւէ խնդիր չի եղել:

«Գյուղացիները փորձեցին առաջ մղել խաչքարի տեղադրման հարցը, չնայած նախնական պայմանավորվածություն կար, որ այն կտեղադրվի ընտրություններից հետո: Անհամաչափ ուժ կիրառվեց, ինչը մենք քննադատում ենք»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակ Թորոսյանը՝ հավելելով, որ այդ գյուղը հայտնի է տաքարյունությամբ, եւ բնակիչների հետ ուժի լեզվով խոսելն անիմաստ է:

Նրա խոսքով՝ հայ-վրացական հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան, նոր, իրատեսական օրակարգը պարտադրում են, որ կողմերը բացառեն եւ կանխեն նմանատիպ միջադեպերը: «Սա բացառապես բխում է թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի եւ թե՛ ջավախահայության շահերից: Միջադեպին որեւէ արձագանք չեն տվել վրացական իշխանավորները, իհարկե, եղել են համապատասխան պաշտոնյաների միջեւ ուղիղ զրույցներ, եւ ես կարծում եմ, որ նման զրույցներն ավելի օգտակար կարող են լինել, քան հրապարակայնորեն միմյանց վրա ցեխ շպրտելը»,-ընդգծեց նա:

Ջավախքի հայկական եկեղեցիներից մեկի բակում սեպտեմբերի 30-ին հայ բնակիչները ցանկացել են խաչքար տեղադրել, սակայն ոստիկաններն արգելել են։ Լարվածությունն աճել է՝ բնակիչների և ոստիկանների միջև վերածվելով քաշքշուկի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում