ՀՀ-ն կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը. Արա Բաբլոյան

Չեխիան Եվրոպայում Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է. Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը: ՀՀ ազգային ժողովում Չեխիայի Խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Երկու երկրների միջև խորհրդարանական կապերն ամրապնդելու ուղղությամբ կարևորել ենք խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքի ակտիվացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ ենք կատարել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացին՝ շեշտելով, որ այն մարդկության դեմ հանցագործություն է և միջազգային ճանաչումը կնպաստի հետագայում նման ոճրագործությունների կանխմանը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Բաբլոյանը:

Նա հավելեց, որ անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ շեշտելով, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և միայն խաղաղ ճանապարհով:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր իրավական փաստաթղթին, տարբեր միջազգային կառույցների և կազմակերպությունների շրջանակներում երկկողմ համագործակցության հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում