Թիլերսոնը աջակցություն է հայտնել Արցախի տարածքի հնարավորինս արագ ականազերծմանը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է Արցախի «հնարավորինս արագ և ամբողջական» ականազերծմանը:

Ինչպես տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, Թիլերսոնն իր դիրքորոշումը հայտնել է ի պատասխան կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Դևիդ Սիսիլինի ներկայացրած հարցման: Պետքարտուղարի պատասխանը հրապարակվել է այս շաբաթ:

Թիլերսոնը հաստատել է, որ շուրջ 45 մլն ԱՄՆ դոլար է հատկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տուժածներին:

Նա աջակցություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի և դեմոկրատ Էլիոտ Էնգելի առաջարկին, որը ենթադրում է ԼՂ շփման գծից հետ կանչել դիպուկահարներին, ընդլայնել սահմանային մոնիթորինգը և տեղադրել կրակի արձակման ուղղությունը հստակեցնող համակարգեր:

«Մենք ողջունում ենք պետքարտուղար Թիլերսոնի աջակցությունը ԱՄՆ կողմից ֆինանսավորվող HALO Trust կազմակերպությանը, որն Արցախում զբաղվում է ականազերմամբ: Արժևորում ենք պետքարտուղարի աշխատանքն այս հարցում, ինչպես նաև օրենսդիրների աշխատանքն ինչպես Ներկայացուցիչների տանն, այնպես էլ Սենատում: Մենք ողջունում ենք նաև պետքարտուղարի աջակցությունը Ռոյս-Էնգել առաջարկներին»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում