ՀՀ վարչապետը և Չեխիայի Սենատի նախագահը կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Չեխիան Եվրոպայում մեր երկրի կարևորագույն գործընկերներից մեկն է, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու ու խորաց­նե­լու համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել հայ-չեխական քաղաքական հարաբերությունների մակարդակից և երկկողմ գործընկերության համատեքստում կարևորել Եվրոպական միության հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Արևելյան գործընկերության ձևաչափով: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը որակական նոր մակարդակի կհասցնի Հայաստանի գործընկերությունը ԵՄ-ի և անդամ երկրների հետ:

Կարևորելով Չեխիայի հետ առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել տնտեսական հարցերով Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ և առարկայական գործունեությունը: «Թեև 2016 թվականի համեմատ ընթացիկ տարում ունենք երկկողմ առևտրաշրջանառության 60 տոկոս աճ, սակայն միևնույն է, թվերը շատ հեռու են այն ներուժից, որը մենք ունենք: Հուսով եմ, որ այսօր բացված բիզնես ֆորումը նոր լիցք կհաղորդի ու կնպաստի հեռանկարային գործարար կապերի ստեղծմանը»,- ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ Երևանի և Պրահայի միջև ուղիղ օդային կապի վերականգնումը կարող է խթանել առևտրատնտեսական հարաբերություններն ու զբոսաշրջության ոլորտում գործակցությունը:

Անդրադառնալով Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին՝ վարչապետը հորդորել է չեխական կողմին մեր երկիրը դիտարկել որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և իրանական շուկաներ մուտք գործելու հարթակ: Նա ավելացրել է, որ արդեն իսկ չեխական որոշ ընկերությունների հետ բանակցություններ են տարվում Մեղրիի ազատ տնտեսական գոտում նեգրավվելու ուղղությամբ:

Վարչապետը բարձր է գնահատել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից 2017թ. ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ու Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:

Միլան Շտեխը Կարեն Կարապետյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և ընդգծել հայ-չեխական կապերի դինամիկ զարգացման փաստը: Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը նշել է, որ Չեխիան հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքական իրավիճակին և փորձելու է ամեն կերպ աջակցել Հայաստանին՝ տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման և հետագա զարգացման նպատակով: Միլան Շտեխը ևս գոհունակություն է հայտնել քաղաքական հարաբերությունների մակարդակից և անհրաժեշտ համարել առևտանտեսական կապերի խորացման ուղղությամբ առկա ներուժի լիարժեք իրացումը: Այդ առումով, Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը հեռանկարային է համարել Հայաստանի միջոցով Եվրասիական ու իրանական շուկաներ դուրս գալու հնարավորությունն ու տնտեսության տարբեր ճյուղերում կապերի ընդլայնումը: Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը դրական արդյունքներ կտա:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Միլան Շտեխը նշել է, որ իր երկիրն աջակցում է հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում