Էրդողանի դեմ մահափորձի գործով 31 կասկածյալ ցմահ ազատազրկման է դատապարտվել

Թուրքական դատարանը հրապարակել է Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման ձախողված փորձի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ մահափորձ իրականացրած անձանց վերաբերյալ դատական վճիռը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken-ը, կասկածյալներից 31-ը «հանրապետության նախագահի դեմ մահափորձ իրականացնելու», «սահմանադրական կարգը փոխել փորձելու», «ծրագրված սպանություն իրականացնելու» հիմնավորումներով դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Հեղաշրջման փորձի ժամանակ Էրդողանի օգնական Ալի Յազըջըն դատապարտվել է 18 տարի ազատազրկման: Կասկածյալներից մեկը՝ նախկին լեյտենանտ Հուսեյն Յըլմազն անմեղ է ճանաչվել:

Էրդողանի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ՝ Մարմարիսում գտնվող հյուրանոցներից մեկի վրա հարձակման միջոցով, որտեղ հանգստանում էր Թուրքիայի նախագահը: Կարճատև բախման ժամանակ Էրդողանի անվտանգությունն ապահովող ոստիկաններից 2 սպանվել էին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում