Ադրբեջանական սկանդալում ներգրավված անհատները պետք է համապատասխան ատյանների առաջ կանգնեն. ԵԽ պատգամավոր

Կոռուպցիայի, գումարների լվացմանն առնչվող ապօրինի գործողություններում ներգրավված բոլոր անհատները պետք է հետաքննվեն, ներառյալ՝ «Ադրբեջանի լվացքատան» դեպքը, որում նաեւ բուլղարացի անհատի անուն է շրջանառվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ, բուլղարացի քաղաքական գործիչ Անդրեյ Կովաչեւը:

«Եթե կան նրանց ներգրավվածության մասին վկայող ծանրակշիռ ապացույցներ, ապա այդ անհատները պետք է համապատասխան ատյանների առաջ կանգնեն: Դատարանները պետք է ապահովեն, որ ֆինանսական, քաղաքական ոլորտներում իրականացված քրեական գործողությունները օրենքի համաձայն ենթարկվեն պատասխանատվության անաչառ դատավորների կողմից:

Կոռուպցիան եւ գումարների լվացումը խնդիրներ են, որոնք սովորաբար ունենում են միջսահմանային ազդեցություն, հետեւաբար միջազգային հանրությունը պետք է ամբողջապես պայքարի դրանց դեմ»,– ասաց ԵԽ պատգամավորը: Հիշատակելով հայտնի «Պանամայի փաստաթղթեր»-ի հետ կապված սկանդալը՝ Անդրեյ Կովաչեւը նշեց, որ Եվրամիության մակարդակով փորձում են պայքարել կոռուպցիայի դեմ:

«Ես կոչ եմ անում անհապաղ կիրառել զրո հանդուրժողականության քաղաքակություն հարկային հանգրվանների եւ գումարների լվացման դեպքերի պարագայում՝ թափանցիկության միջազգային ստանդարտները բարձրացնելու համար: Խրախուսում եմ խորը միջազգային համագործակցությունը՝ պարզելու այն ընկերությունների սեփականությունը, որոնք օգտագործվում են որպես հարկերից խուսափելու խողովակներ, կեղծիքի, անօրինական առեւտրի, կապիտալ հոսքերի, գումարների լվացման եւ կոռուպցիայի համար»,-ասաց ԵԽ բուլղարացի պատգամավորը՝ ընդգծելով, որ հետագայում նմանատիպ դեպքերը կարող են կանխվել խիստ, սակայն օրինական գործողություններ կիրառելու եւ դատարանների անաչառությունն ապահովելու դեպքում:

«Ավելին, կոռուպցիայի եւ գումարների լվացման դեմ պայքարին պետք է աջակցի ոչ միայն կառավարությունը, այլեւ ` միջազգային, հասարակական կազմակերպությունները, որպեսզի ապահովված լինեն թափանցիկությունը եւ արդարությունը»,-եզրափակեց նա: Սյուզի Մուրադյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում