Որսագողերը պետք է խստագույնս պատժվեն. Արծվիկ Մինասյանն անդրադարձավ սպիտակագլուխ անգղների որսի դեպքին

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Հայաստանում սպիտակագլուխ անգղների որսի դեպքի մասին հրապարակումներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ որսագողերը պետք է խստագույնս պատժվեն:

«Ոստիկանությունը տվել է այդ պարզաբանումը, տվյալ դեպքում այն գտնվում է ոստիկանության վարույթում, այլ մանրամասներ թույլ տվեք այս պահին չհրապարակել՝ քրեական գործի առանձնահատկությունից ելնելով։ Տարածքը, թե որտեղ է տեղի ունեցել, այս պահին հայտնի չէ»,- նշեց Մինասյանը:

Նախարարը վայրագություն որակեց նման քայլը՝ շեշտելով, որ կրկնակի դատապարտելի է այդ վայրագությունները հրապարակային ներկայացնելը: «Ես կարծում եմ, որ մենք այս հարցում օրենսդրական փոփոխությունների կարիք ունենք: Մենք պետք է խստացնենք նման գործողությունների համար քրեական պատասխանատվությունը, որովհետև ես կարծում եմ, որ գործող օրենսդրությունը բավականին մեղմ է»,- ընդգծեց նախարարը:

Ոստիկանությունը պարզել է «Հայաստանի կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղներին սպանած երեք անձանցից երկուսի ինքնությունը: Նրանք են Ա. Մկրտչյանը և Յ. Պողոսյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Հանգամանքները պարզվում են: Հոկտեմբերի 4-ին «Econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղներ» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների լուսանկարներ՝ անգղները ձեռքներին: Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել: Հետևաբար, դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում