Քաղաքագետն առաջարկում է տարանջատել Կատալոնիայում, Իրաքյան Քրդստանում եւ Արցախում տեղի ունեցող գործընթացները

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ չպետք է նույնականացնել Կատալոնիայում եւ Իրաքյան Քրդստանում ձեւավորված իրավիճակը Արցախի հետ: Նրա խոսքով՝ դրանք միանգամայն տարբեր գործընթացներ են:

«Հայաստանում շատ ուշադիր հետեւում են նման գործընթացներին, որովհետեւ հանրաքվեի միջոցով ականատես ենք լինում պետությունների ձեւավորմանը: Կարծես, որոշակի ակնկալիք կա ձեւավորված, որ եթե կատալոնացիներն ու քրդերը հասնեն իրենց նպատակին, եւ դրան հետեւի միջազգային ճանաչումը, հայկական երկրորդ պետության համար դա կարող է նախադեպ դառնալ: Ճակատագիրը Կատալոնիային ավելի դժվար ճանապարհ է նախատեսել, քան քրդերին, եւ ըստ էության՝ անգամ պետությունների ճանաչման պարագայում քաղաքական դրդապատճառները շատ տարբեր են եւ որեւէ կերպ չեն առնչվում հայկական երկրորդ պետության նման գործընթացի հետ, որն արդեն 3 տասնամյակ է՝ շարունակվում է եւ դեռ միջազգային ճանաչման չի եկել»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ Հայաստանում փորձում են անկախության հանրաքվեների նախադեպային բազան համալրել նոր օրինակներով, սակայն իրականում պետք է խուսափել ուրիշների փորձը հարմարեցնելու մարտավարությունից և հասկանալ, որ քաղաքական որոշումներ կայացվում են կոնկրետ իրավիճակներից ելնելով:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը փակուղում է հայտնվել և ապրիլյան պատերազմից հետո նոր զարգացումներ սպասելը միամտություն կլիներ:

«Սակայն սա դեռ չի նշանակում, որ փակուղում է հայտնվել նաև Արցախի ճանաչման գործընթացը: Այս պահին տեղի ունեցող զարգացումներից տեսնում ենք, որ հայկական կողմը խստացնում է բանակցային դիրքորոշումը: Դիրքերի խստացումն էլ ավելի է բարդացնելու քաղաքական բանակցությունների միջոցով որոշակի լուծումներ գտնելու հնարավորությունը: Սակայն սա միջոց է հասկացնելու աշխարհին, որ եթե քաղաքական լուծում հնարավոր չէ, ուրեմն ճանաչման գործընթաց ենք սկսելու»,– նշեց բանախոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում