Թուրքիայի ազգայնական կուսակցության շարքերը շարունակում են նոսրանալ

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները շարունակում են լքել քաղաքական ուժի շարքերը՝ միանալու Մերալ Աքշեների կողմից հիմնադրվելիք նոր կուսակցությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Թուրքիայի Այդըն նահանգից կուսակցության շարքերը լքել է 460 մարդ, իսկ Մանիսայից՝ 203-ը: Կուսակցությունից հեռացող անդամների շարքում են նաև նախկին պատգամավորներ:

«Մենք այլևս տեղ չունենք այս կուսակցությունում: Նախընտրում ենք այսուհետ լինել Մերալ Աքշեների կողքին»,- ասել է նախկին պատգամավոր Ռեջեփ Թաները:

Ավելի վաղ կուսակցությունից հեռանալու դեպքեր էին գրանցվել երկրի այլ նահանգներում ևս:

Մերալ Աքշեները նախկինում զբաղեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի, ինչպես նաև մեջլիսի փոխխոսնակի պաշտոնները: Ակնկալվում է, որ նրա կուսակցությունը պաշտոնապես կգրանցվի հոկտեմբերի կեսերին: Նշվում է, որ կուսակցության անվանումը լինելու է «Կենտրոնական ժողովրդավարական կուսակցություն»:

Նորաստեղծ կուսակցության շարքերում կլինեն «Ազգայնական շարժում»-ից հեռացած այն գործիչները, ովքեր դեմ են կուսակցության վերջին շրջանի քաղաքականությանը. ԱՇԿ-ն վերջին շրջանում կոալիցիա է կազմել Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ:

Թուրքիայում քննարկվում է այն հարցը, որ 2019 թվականի նախագահական ընտրություններում Աքշեները լինելու է Էրդողանի հիմնական հակառակորդը: Ուշագրավ է, որ նա կլինի առաջին կին քաղաքական գործիչը, ով թեկնածություն կառաջադրի Թուրքիայի նախագահական ընտրություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում