Արլեմ Դեզիրը Հայաստանում ընդգծել է լրագրողների ազատ աշխատանքի կարևորությունը

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը հայտարարություն է տարածել Հայաստան կատարած այցի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, Դեզիրը հանդիպումների ժամանակ ընդգծել է իր գրասենյակի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցության շարունակման անհրաժեշտությունը՝ հանուն մամուլի ազատության:

«Լրագրողներն ունեն ազատորեն հաղորդելու իրավունք և պարտականություն: Դա ներառում է նաև հաղորդումները ցույցերի կամ հանրահավաքների վերաբերյալ: Ոստիկանությունն ու դատական համակարգը պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու լրագրողներին և մեդիայի այլ ներկայացուցիչների ու արդյունավետ կերպով կանխել նրանց դեմ հանցագործությունները»,- ասել է Դեզիրը:

Նա ընդգծել է, որ լրագրողների անվտանգության ապահովման հարցի լուծումը համակարգված մոտեցման ու ուժեղ քաղաքական կամքի կարիք ունի: «Իմ գրասենյակը պատրաստակամ է աջակցելու այդ շատ կարևոր հարցում»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:

Հայաստանում Դեզիրը հանդիպել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանի, ինչպես նաև հանրային հեռուստատեսության և ռադիոյի ղեկավարներ Մարգարիտա Գրիգորյանի ու Մարկ Գրիգորյանի հետ:

ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Տեղեկատվության ազատության մասին օրենքում նախատեսվող փոփոխությունների առնչությամբ՝ ընդգծելով տեղեկատվություն ստանալու քաղաքացիների գործող իրավունքը սահմանափակող ցանկացած ռիսկ բացառելու անհրաժեշտությունը:

Դեզիրը հանդիպել է նաև լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ տեղեկանալու երկրում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ նրանց կարծիքներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում