Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նիստն ամփոփվեց մամուլի ասուլիսով

Եվրասիական գործընկերության երկրորդ և Հայ-ռուսական վեցերորդ տարածաշրջանային համաժողովների այսօր տեղի ունեցած համատեղ լիագումար նիստի ավարտից հետո մանսակիցները պատասխանեցին լրագրողներին հուզող հարցերին: Արդեն երկրորդ անգամ անցկացնվող համաժողովի արդյունքների մասին հարցն ուղղված էր համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին: Վերջինս նշելով, որ ամփոփիչ արդյունքերի մասին խոսելը վաղ է, քանի որ իր ձևաչափով այս համաժողովը տարբերվում է մյուսներից` մշտապես գործող է, արված աշխատանքների մի մասին, այնուամենայնիվ, անդրադարձավ. «Կազմկոմիտեի անդամները` շուրջ 15 հոգի, ամբողջ տարին աշխատել են. անցած տարվա ընթացքում հայ գործածարների մասնակցությամբ, որոնք հետաքրքված էին ԵվրԱզԷՍ-ի երկրներով, միայն երեք հանդիպում կազմակերպել ենք Մոսկվայում: Ստորագրվել է մոտ 12 համատեղ ձեռնարկ»: Արա Աբրահամյանը նաև համոզմունք հայտնեց, որ անցած տարվա արդյունքները գոհացնող, բայց բավարար չեն. այս տարի ավելի շոշափելի կլինեն արդյունքները: « Պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ռուսական փորձագիտական կենտրոնի հետ և հնարավոր կլինի Իրանի հետ սահմանին ստեղծված ազատ տնտեսական գոտում վաճառել ռուսական արտադրության ապրանքներ»,-հույս հայտնեց Ա. Աբրահամյանը:

Այս համաժողովի գլխավոր նպատակը, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի կարծիքով էլ, պետք է լինի ԵԱՏՄ տարածքում համընդհանուր արդյունաբերական քաղաքականության մշակումը, քանի որ, նրա համոզմամբ, ստեղծված միասնական շուկայում պետք է վաճառվի տեղում արտադրված, ոչ թե դրսից բերված ապրանքը: Նպատակից անցնելով համաժողովի հիմնական թեմային` տնտեսության թվայնացմանը, Գլազևը ուրախությամբ փաստեց, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանը թվային տեխնոլոգիաների ուղղությամբ զարգանալու մեծ հեռանկարներ ունի, ինչի հիմքերը կային դեռևս խորհրդային տարիներին:

Արդարացրե՞լ է իրեն, արդյոք, այս համաժողովը` թե´ անցած տարի, թե´ հիմա, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը նպատակահարմար գտավ դատել` նախ և առաջ, մասնակիցների թվով և համաժողովի առաջացրած հետաքրքրությամբ. «Մասնակիցների բավականին մեծ թիվն արդեն իսկ խոսում է այն մասին, որ հետաքրքությունը բավականին մեծ է: Ինչ վերաբերում է այս համաժողովի հիմնական թեմային` ԵԱՏՄ տնտեսության թվայնացմանը, ապա ասեմ, որ այսօր առանց տնտեսության թվայնացման հնարավոր չէ զարգացում ապահովել: Ինչ վերաբերում է արդյունաբերության ոլորտում համագործացկությանը, ասեմ, որ անցած տարի ես եղել եմ Հայաստանում և մենք ինտենսիվ երկխոսություն ենք սկսել այն ուղղություներով և ոլորտներում, որոնք պոտենցիալ ունեն Հայաստանում: Խոսքը, մասնավորապես, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ոլորտի ընկերությունների մասին է, և կարող եմ վստահաբար ասել, որ մենք մեծ աշխատանք ենք արել այդ ուղղությամբ»:

Բանախոսները, վերջում ևս մեկ անգամ հաստատեցին ազատ տնտեսական գոտու ստեղծման և երրորդ երկրներ իրենց արտադրանքը հասցնելու հարցում Հայաստանի` բարեկամ երկրի տարածքն օգտագործելու կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում