Սյունիքում ուսանողների կյանքի բարելավմանը միտված մի շարք ծրագրեր են իրականացվում

Սյունիքի մարզի բոլոր դպրոցների ինֆորմատիկայի դասարանների վերազինումը նոր համակարգիչներով շարունակական է լինելու: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ում նախաձեռնությամբ մարզի բոլոր դպրոցներին տրամադրվել են օդամղիչ զենքեր, որպեսզի ռազմական ուսուցումը ավելի առարկայական լինի:

Մարզպետը, անդրադառնալով բուհական կրթությանը, տեղեկացրեց, որ սահմանվել է կրթաթոշակ, որը տրվում է մարզի առավել առաջադեմ ուսանողներին: «Կրթաթոշակը կազմում է 280 հազար դրամ և վերջին անգամ 89 ուսանողի են կրթաթոշակ տվել»,-ասաց նա:

Վահե Հակոբյանի խոսքով՝ մարզում մեկնարկել է նոր ծրագիր, արդեն կնքվել են մի շարք պայմանագրեր այն ուսանողների հետ, ովքեր ցանկություն են հայտնել սովորել Հայաստանում կամ Հայաստանից դուրս:

«Մենք կնքում ենք նրանց հետ պայմանագիր, որպեսզի նրանք ավարտելուց հետո նվազագույնը տասը տարով վերադառնան մարզ: Մենք այսօր կադրային լուրջ խնդիր ունենք»,-ասաց մարզպետը եւ հավելեց, որ կրթությանն ու ուսանողությանն առնչվող ծրագրերից է նաեւ մարզպետարանի կողմից Կապանի ավտոբուսային տրանսպորտի սուբսիդավորումը: «Այսինք` 50 դրամից չի բարձրանում: Դա, նախեւառաջ, արեցինք մեր ուսանողների համար»,-նշեց մարզպետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում