Սյունեցի աշակերտներին կընձեռվի տեսական գիտելիքները գործնականում փորձարկելու մեծ հնարավորություն

Սյունիքի մարզում կրթական ոլորտի առաջխաղացմանն ուղղված ծրագրերից է «Զանգի» անունը ստացած նոր նախագիծը, որը հնարավորություն կտա մասնավորապես երեխաներին և երիտասարդներին ձեռք բերել գիտելիքներ եւ ամրապնդել նորարարական հմտություններ զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներում:

Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամի տնօրեն Զինավոր Մեղրյանի տեղեկացմամբ՝ նախագծի շրջանակում նախատեսվում է քաղաքների դպրոցների բազայի հիման վրա ստեղծել մեկական կրթական դասարան Սիսիանում, Գորիսում, Կապանում և Մեղրիում: Դասարաններին կից կկառուցվեն նաեւ ակվապոնիկայի սկզբունքով գործող նորարարական ջերմոցներ, որոնք կգործեն որպես կրթական բազա գյուղատնտեսական և բնապահպանական դասընթացների համար։

«Ջերմոցների արտադրանքը նաև նպաստելու է համապատասխան դպրոցների կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանը»,- ասաց հիմնադրամի տնօրենը՝ նշելով, որ ներդրվելու է նաեւ երեխաների համար նախատեսված «Կենցաղային բնապահպանություն», ինչպես նաեւ «Ակվապոնիկայի սկզբունքով ջերմոցների կառուցում և շահագործում» կիրառական դասընթացը, որի ընթացքում երեխաներին կներկայացվեն ջերմոցային տնտեսության նորարարական մեթոդը, դրա բնապահպանական նշանակությունը, առավելություններն ու եկամտաբերությունը։

«Դասընթացը մշակվելու է համապատասխան մասնագետի կողմից, ամեն դպրոցի համար ընտրվելու է մեկ դասընթացավար, որը դասընթացի հեղինակի կողմից ստանալու է համապատասխան վերապատրաստում և վարելու է դասընթացները: Նախագծի շրջանակում դպրոց են հրավիրվելու աշակերտների ծնողները, այսինքն՝ բացի դպրոցի բարձր դասարանի աշակերտներից, գործնական գիտելիքներ են հաղորդվելու նաև նրանց ծնողներին։ Այն դեռևս իրականացվում է միայն Կապանի թիվ 1 դպրոցում, բայց դրա մեջ հետագայում ներառվելու են նաև Մեղրիի, Գորիսի, Սիսիանի մեկական դպրոցներ»,- ընդգծեց նա:

Կապանի թիվ 1 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անահիտ Սիմոնյանն էլ ներկայացրեց, որ ակվապոնիկան նոր տեխնոլոգիայով աշխատող ջերմոց է, որը Հայաստանում վերջերս է սկսել կիրառվել։ Այն սիմբիոզային միջավայրում ավանդական ջրային տնտեսություն է, որը ապահովում է ջրի, ձկների և բույսերի անմիջական կապը։ «Ակվապոնիկա համակարգով աշխատող ջերմոցում բույսերի աճեցման համար հողի փոխարեն օգտագործվում է ջուրը, իսկ բուծվող ջրային կենդանիներից ստացված արտազատումներն անմիջապես օգտագործվում է որպես օրգանական պարարտանյութ»,-նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում