Աղվան Վարդանյանը համոզված է, որ ԵԽԽՎ հաջորդ նախագահը հետեւություններ կանի նախորդ նախագահի շուրջ ձեւավորված սկանդալային իրավիճակից

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ուրախ է, որ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, չդիմանալով ճնշումներին, ինքնակամ հրաժարական է տվել:

Պատգամավորն այս մասին հայտարարել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Սա մեկ կամ երկու օրվա պատմություն չէ: Ուզում եմ նշել մեր հաջորդական պատվիրակությունների հետեւողական աշխատանքի, միջազգային մամուլի անդրադարձի մասին»,- ասաց պատգամավորը՝ համոզված լինելով, որ հաջորդ նախագահը հետեւություններ կանի:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ Եվրոպական խորհրդից դուրս գալու հավանականությանը՝ Աղվան Վարդանյանը նշեց.

«Դա մեզ համար ոչ սառն է, ոչ տաք: Ինչ կանի Ադրբեջանը, իր խնդիրն է, իսկ Հայաստանն ունի պարտավորություններ, որոնք պիտի կատարի»,- նշեց նա:

Հոկտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել: ԵԽԽՎ-ն պաշտոնապես հաստատել է նրա հրաժարականը։ Ագրամունտի շուրջ սկանդալը ծավալվել էր ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում, երբ եվրախորհրդարանականներն սկսեցին Վեհաժողովի ղեկավարին քննադատել մարտին Սիրիա նրա կատարած ուղեւորության համար: Ագրամունտի անվան հետ են կապվում նաև ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» որոշ բացահայտումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում