Մակրոնը որոշեց Պուտինի հրավերով այցելել Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողով. «Կոմերսանտ»

Ելիսեյան պալատն ընդունել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով (ՊՄՏՀ) Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցելության վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների առաջարկը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հրատարակության տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի իր պաշտոնակցին հրավերն արել է տակավին մայիսին Վերսալում կայացած հանդիպման ժամանակ: Փարիզի դիվանագիտական աղբյուրների խոսքով՝ ֆրանսիական կողմն արդեն ընդունել է Պուտինի հրավերը, բայց պաշտոնապես դեռեւս չի հայտարարի այդ մասին:

Ինչպես պարզաբանել է հրատարակության զրուցակիցներից մեկը, դա կապված է այն բանի հետ, որ Փարիզը չի ցանկանում շտապել մինչեւ նախագահական ընտրությունները Ռուսաստանում: Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, Մոսկվայում ակնկալում են, որ գագաթնաժողովին Մակրոնի մասնակցությունը թույլ կտա բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում