Վանաձոր-Ալավերդի ճանապարհի հիմնանորոգումը կշարունակվի, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս

Վանաձոր-Ալավերդի հիմնանորոգվող ճանապարհահատված Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանի (Մ-6) 90 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են և կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է շինհրապարակ, հատվածաբար դիտարկել շինարարության ընթացքը, ծագող խնդիրները և կատարված աշխատանքի որակը: Հիմնանորոգվող Վանաձոր-Ալավերդի ճանապարհը բաժանված է 3 պայմանական հատվածների, յուրաքանչյուրում աշխատում է առանձին ճանապարհաշինական ընկերություն կամ երկուսը` համատեղ պայմանագրով: Բոլոր 3 հատվածներում շինարարությունը մեկնարկել է նախորդ տարվա սեպտեմբերին: Հայտնի է, որ հիմնանորոգումը մասշտաբային է, բացի այդ որոշ հատվածներում ճանապարհը լայնացվում է, ինչի հետևանքով անհրաժեշտություն էր առաջացել տեղափոխել ենթակառուցվածքները, այդ թվում՝ խմելու ջրագիծը: ճանապարհի 10-17-րդ կմ հատվածում ընթանում են Վանաձոր քաղաքը սնուցող 1020մմ տրամագծով խմելու ջրագծի տեղափոխման աշխատանքները: Նախարարին է ներկայացվում իրավիճակը. նոր խողովակները տեղադրվել են, սակայն անհրաժեշտ է կատարել կապակցման աշխատանքները` ջրի հոսքը հնից տեղափոխելով նոր խողովակաշար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, բարձրաձայնված տեխնիկական խնդիրները լսելուց հետո, նախարարը հանձնարարեց բոլոր պայմաններն ի մի բերել փաստաթղթում և հնարավորին կարճ ժամկետում ավարտել խողովակաշարի վերատեղադրման աշխատանքները` բնակիչներին պատճառվող անհարմարությունը հասցնելով նվազագույնի: Ինչ վերաբերում է բուն ճանապարհին, ապա այս հատվածում ներկայում համահարթեցվում է հողային պաստառը, կառուցվում են կողնակները և կողային առուներ, տեղադրվում են ճանապարհային պատվածքի հիմքի շերտերը, վերականգնվում է ջրահեռացման համակարգը:

Այս պահին ասֆալտապատումն ու անվտանգության էլեմենտների տեղադրումն ավարտված է Վանաձոր քաղաքին հարող շուրջ 7 կմ երկարությամբ ճանապարհահատվածում: Սակայն մտահոգիչ է, որ անհայտ անձանց կողմից ճանապարհի կահավորմանը պատճառվում են վնասներ, այդպիսով խախտվում են անվտանգ երթևեկության համար սահմանված չափանիշները: Մյուս ճանապարհահատվածում նախարարին ներկայացվեցին կատարված հողային աշխատանքները, կառուցված շուրջ 1100 գծամետր սովորական և գրեթե 900 գծամետր գաբիոնային շարվածքով հենապատերը: Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով` ճանապարհի 18-րդ կմ-ում ոլորապտույտ ճանապարհահատվածի հորիզոնական ծրագծի փոփոխություն է կատարվել, մեղմվել է ճանապարհի երկայնական թեքությունը, հողային պաստառի կայունությունն ապահովելու նպատակով կառուցվել է երկաթբետոնե ստորին հենապատ:

Բնակելի տներին շատ մոտ մի հատվածում դեռևս նախարարի մյուս այցերի ընթացքում բարձրաձայնվել էին որոշ խնդիրներ: Ճանապարհի երկայնքով կառուցվել է հենապատ և զուգահեռ հավելյալ ուղի, որտեղով բնակիչներն անվտանգ անցուդարձ կանեն` առանց երթևեկելի հատված դուրս գալու: Երրորդ հատվածն ընդգրկում է Վանաձոր – Ալավերդի ճանապարհի 30-38-րդ կմ-ն: Այստեղ ևս կատարվել են հողային աշխատանքներ, նոր հենապատերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման և գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման աշխատանքներ: Ճանապարհի 31-րդ կմ-ում գտնվող թունելը վերակառուցվել է: 32-րդ կմ-ում հին կամրջի փոխարեն կառուցվել է նորը: Ներկայում ընթանում են կամուրջների վերակառուցման աշխատանքներ: Նաև վերակառուցվում են թունելների ճակատային մասերը, մերձթունելային հրապարակն ու պատերը:

Բոլոր երեք հատվածներում ճանապարհաշինարարները հավաստիացրին, որ շինարարությունը բնականոն հունով շարունակվում է, վերջին օրերին տեղացող անձրևներից հետո օդերևութաբանները արևոտ եղանակ են խոստացել: Հիմքի շերտը չորանալուց հետո ասֆալտապատումը կշարունակվի: Տասնամյակներ շարունակ հիմնանորոգման կարիք ունեցող այս ճանապարհը պատրաստ կլինի 2018թ.-ին, և բնակիչներին պատճառվող անհարմարությունը կփոխհատուցվի հարմարավետ և նորոգ ավտոճանապարհով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում