Արծվաբերդցի դպրոցականների թիմը հաղթել է իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների մրցույթում

Արծվաբերդցի դպրոցականների թիմը հաղթել է իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների մրցույթում

Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների պատրաստած ինքնուրույն ղեկավարվող ռոբոտը լավագույնս կատարել է իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների մրցույթի պահանջներն ու արժանացել առաջին մրցանակի։ Մրցույթը հայտարարել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մոտ 4 ամիս առաջ, տարածել մասնակցության կանոնակարգը։ Հայտագրվել էր շուրջ 20 թիմ Երևանի և մարզերի դպրոցների «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներից։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԻՏՁՄ-ում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեխնիկական պատասխանատու Ավագ Սայանը։

Մասնակից թիմերը մրցույթին պատշաճ ներկայանալու և ցանկալի ռոբոտը պատրաստելու համար պատվիրել ու ստացել են որոշակի դետալներ, 3 ամիս տված աշխատանքից հետո եզրափակիչ փուլ են անցել 10-12 թիմ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերից ու մայրաքաղաք Երևանից։ «12 թիմից 60-70 տոկոսը խնդիրն ամբողջությամբ կատարել էին։ Խնդիրը, որ մենք դրել էինք իրենց առջև, շատ բարդ էր։ Թիմերը խնդիրը լուծել էին ոչ թե հեռակառավարման վահանակ օգտագործելով, այլ բավականին բարդ ծրագրավորման լեզվի կիրառմամբ՝ C++-ով։ Արդյունքներից բավականաչափ գոհ ենք, նման բարդության խնդիրը 14-15 տարեկանների համար չէր, բայց նրանք շատ լավ հաղթահարեցին»,-ասաց Ավագ Սայանը։

Մրցույթի մասնակիցների առջև խնդիր էր դրվել պատրաստել ռոբոտ, որը ղեկավարվում է ինքնուրույն՝ առանց անձի միջամտության։ Ռոբոտը դաշտում պետք է տարբերակեր եռանկյունաձև, գնդաձև և խորանարդի տեսքով իրերը՝ ըստ երեք գույների, վերցներ դրանք ու տեղափոխեր դաշտի համապատասխան մասում տեղակայված պահեստավայրը։ Յուրաքանչյուր գործողության համար սահմանվել են տարբեր միավորներ։ Արդյունքում հաղթել են արծվաբերդցիները, երկրորդ տեղում է Սևանի ավագ դպրոցի թիմը, երրորդում՝ Վանաձորի 5-րդ ավագ դպրոցի թիմը։

Ավագ Սայանի խոսքով՝ թիմերը ցուցաբերել էին նորարարական մոտեցում ու յուրովի կատարել մրցույթի պահանջները։ «Այդ թիմերից յուրաքանչյուրին, եթե տաս արդյունաբերական խնդիր, շատ հնարավոր է ճշտությամբ կատարեն»,-գոհունակությամբ ավելացրեց մեր զրուցակիցը։

Հայաստանի ամբողջ տարածքում գործում է 210 «Արմաթ» ինժներական լաբորատորիա, որը միավորում է ավելի քան 5 հազար դպրոցականի։ «Արմաթ»-ի շրջանավարտների 84 տոկոսը ընդունվել է ԲՈւՀ, որից 82 տոկոսը բնական գիտությունների, ՏՏ և տեխնիկական մասնագիտությունների գծով: «Արմաթ»-ի շրջանավարտների 43 տոկոսն աշխատանքի է ընդունվել կամ ստարտափ է հիմնել ՏՏ կամ տեխնիկական ոլորտում:

ԻՏՁՄ-ն իր առջև խնդիր է դրել ժամանակակից տեխնոլոգիական կրթության անվճար պայմաններ ապահովել 10 տարեկանից սկսած բոլոր դպրոցականների համար և մինչ 2019 թ-ը «Արմաթ» խմբակներ հիմնել Հայաստանի բոլոր (շուրջ 1200) դպրոցներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում