Կառավարման ոլորտում առկա հիմնախնդիրները քննարկվեցին միջազգային գիտաժողովի ընթացքում

Կառավարման ոլորտում առկա հիմնախնդիրները քննարկվեցին միջազգային գիտաժողովի ընթացքում

«Կառավարման ժամանակակից հիմնախնդիրներ» թեմայով միջազգային գիտաժողովը նպատակ ունի քննարկել ժամանակակից կառավարման հիմնախնդիրները, դրանց հնարավոր լուծումները, ներկայացնել գիտական հետազոտություններ, բացահայտել ձևափոխվող հասարակությունում կառավարման ժամանակակից մարտահրավերները և դրանց լուծման հեռանկարները: Երկօրյա միջազգային գիտաժողովը մեկնարկեց հոկտեմբերի 10-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում «Հումանիտար հետազոտությունների կենտրոն» ծրագրի շրջանակում:

«Կառավարման հիմնախնդիրը դարերի խորքից է գալիս: Այն ավելի լուրջ նշանակություն է ստանում հատկապես մեր օրերում, երբ ինտեգրացիոն գործընթացներ են տեղի ունենում, գլոբալիզացիան ավելի է խորանում, աշխարհաքաղաքական բախումներն հախուռն ընթացք են ստանում: Առաջ է գալիս օպերատիվ կառավարման, արագ արձագանքելու խնդիրը: Այս գիտաժողովն անդրադառնում է ժամանակակից կառավարման հիմնախնդիրներին, մարտահրավերներին և դրանք դիտարկում է գիտության տեսանկյունից: Մենք ակնկալում ենք, որ տարբեր երկրներից Հայաստան ժամանած գիտնականները կներկայացնեն տեսակետներ, կառաջարկեն խնդիրների լուծումներ, և կառավարման նյութը քննարկման լայն առարկա կդառնա»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:

Նա շեշտեց, որ եթե նախկինում կառավարման ոլորտում առաջնահերթ էին մարդ- մեքենա հարաբերությունները, ապա այժմ ավելի կարևոր են մարդ-մարդ փոխհարաբերությունները: «Մենք հյուրընկալել ենք գիտնականների Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից: Խոսելով նրանց հետ` եկել եմ այն եզրահանգման, որ ետխորհրդային երկրներում կառավարման բնագավառում եղած խնդիրները գրեթե նույնն են: Դասական դարձած կառավարման եղանակները արդյունավետ չեն. պետք է նոր մոտեցումներ ցուցաբերել»,-ընդգծեց Լոքյանը:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանի խոսքով`ակադեմիան ունի երեք լաբորատորիա: Առաջինը կառավարման գործընթացում հոգեբանության ուղղությունն է ուսումնասիրում, երկրորդը` գիտության կառավարումը, երրորդը` տարածքային կառավարումը:

«Վեց տարի է մեր ակադեմիայում գոյություն ունեն այս լաբորատորիաները, որոնք գիտահետազոտական աշխատանք են իրականացնում: Գիտաժողովին աշխատանքների արդյունքները կներկայացվեն: Կառավարման հոգեբանության որակից է կախված մարդկանց բարեկեցությունը, անվտանգությունը: Մեր երկրում այս ուղղությունն այնքան էլ զարգացած չէ, բայց մենք հրատարակել ենք տասը մենագրություն, տասնյակ հոդվածներ, այդ թեմայով ելույթներ ենք ունեցել տարբեր երկրներում»,-նշեց նա:

Գիտաժողովին մասնակցում էին հայաստանյան և այլ երկրների ներկայացուցիչներ: Ներկա էին գիտնականներ, դոկտորներ և պրոֆեսորներ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայից, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանից, Սամարայի պետական սոցիալ-մանկավարժական համալսարանից, Ուդմուրթիայի պետական համալսարանից:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտնական Վալերի Նոսուլենկոն ասաց, որ պատմելու է կառավարման ոլորտում իրականացրած հետազոտությունների մասին, որոնք կատարել են ֆրանսիացի գործընկերների հետ: «Ուսումնասիրելով գիտակազմակերպչական գործունեությունը` տեսանք, որ կան մի շարք պրոբլեմներ` կապված ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Գիտաժողովին կփորձենք դրանց լուծման առաջարկներ անել»,-նշեց նա:

Անդրադառնալով կառավարչի որակներին` գիտնականն ընդգծեց, որ կառավարման գործընթացը բարելավելու հարցում, այդ ոլորտում հաջողության հասնելու համար էական են կառավարչի հաղորդակցման ունակությունները: «Դրանք երաշխավորում են գործի արդյունավետությունը: Պետք է ստեղծվի համատեղ կոլեկտիվ, որը կծառայի նույն նպատակին: Պետք է լսելու կարողություն ունենա յուրաքանչյուր կառավարիչ»,-եզրափակեց նա:

Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի ասպիրանտ Նանե Զեյնալյանն ասաց, որ գիտաժողովը իրեն շատ է հետաքրքրում, քանի որ այն թե՛ գիտության, թե՛ կառավարման ոլորտում նոր լուծումներ գտնելու հնարավորություն է ընձեռում:

«Սա միջազգային գիտաժողով է և փորձի փոխանակման լավ միջոց: Ինձ համար այն սովորելու, նոր հմտություններ ձեռք բերելու հիանալի հարթակ է: Վաղը ներկայացնելու եմ զեկույց անձի արժեքների ձևավորման հոգեբանական նախադրյալների մասին»,– նշեց Զեյնալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում